Օրեր առաջ համացանցը պայթեց օգտատերերից մեկի գրառման հետևանքով: Սույն օգտատերը փորձել էր շրջել Զվարթնոց տաճարի տարածքում, սակայն նրան արգելել էին, որովհետև այնտեղ փակ կորպորատիվ միջոցառում է եղել կազմակերպված՝ հիմնականում օտարերկրացիների մասնակցությամբ: Զբոսաշրջիկը, սակայն, հասցրել է նկատել, որ շատերն այնտեղ շրջում են վարտիքներով՝ կասկածելի վարքի տեր աղջիկների ուղեկցությամբ և ալկոհոլի ակնհայտ ազդեցության տակ: Թերևս այս ամենն աբսուրդի ժանրից չլիներ, եթե այդ չարաբաստիկ սեքս-փարթին կազմակերպված չլիներ մի տաճարի տարածքում, որն իր բացառիկ արժեքով ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ընդ որում, միջոցառման համար օգտագործվել է ոչ միայն խոտածածկ տարածությունը, այլև Զվարթնոցի տաճարի ավերակների՝ սյուների հետին հատվածը, որտեղ տեղադրվել են մետաղական հարմարանքներ՝ էկրանն ամրացնելու համար:
Այն, որ Զվարթնոց տաճարի տարածքում թույլատրվում է միջոցառումներ անցկացնել՝ 700 000 դրամի դիմաց, հաստատել է նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Այս սկանդալը դեռ չմարսված՝ բառացիորեն երեք օր անց լրահոսում հայտնվեց մեկ այլ պատմամշակութային արժեքի՝ Գառնու հեթանոսական տաճարի տարածքի վարձակալության մասին լուրը. Հարավարևելյան Եվրոպայի տարեկան համաժողովին մասնակից հյուրերի համար տաճարի բակում տոնական սեղաններ էին բացվել: Ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հաստատել է լուրը և նշել, որ Գառնու տաճարում խնջույք կազմակերպելու համար Կենտրոնական բանկը վճարել է 1 մլն 120 հազար դրամ: Այսինքն՝ պետության գրպանից գումարներ է վճարվել օտարերկրացիների հաճույքների համար և ավելորդ են այն բացատրությունները, թե դրանով գումարներ են ներդրվել տաճարի տարածքի բարեկարգման համար. պետությունը պարզապես իր մի գրպանից հանել է և դրել մյուս գրպանը:
Բոլոր նորմալ երկրներում մշակութային նմանատիպ արժեքների նկատմամբ գոյություն ունի հատուկ ակնածանք: Հայաստանում մշակութային արժեքները վերածվել են մանրավաճառի կրպակի, որի շահագործումից տիկին նախարարուհին և յուր անբասիր կադրերն իրենց օրվա գրոշն են վաստակում: Եվ, ինչպես բոլոր դեպքերում, սեփական գովազդով տարված կառավարությունը խուսափում է գնահատականներ տալուց:
Ամեն ինչից փող քամելու գործելաոճ ընտրած կառավարությունը, հավանաբար, շուտով կհիմնի նոր գերատեսչություն՝ Օրգիաների և սեքս տուրիզմի խթանման ազգային գործակալություն: Չեմ զարմանա, եթե առաջիկայում որևէ մշակութային արժեքի տարածքում գեյ փարթի կամ ԼԳՏԲ համայնքի անբռնազբոսության շքերթներ անցկացվեն: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երաշխավորում է՝ վճարիր և նետվիր կրքերի անսանձ օվկիանոսը: Մեր մշակութային արժեքների դռները բաց են ձեզ համար…
Այս ամենի մեջ մի տխուր երանգ, այնուամենայնիվ, կա: Ինչու այդ սեքս փարթիները կազմակերպվում են միայն արտասահմանյան հյուրերի համար: Թող մի օր էլ տիկին Հասմիկն այդ «օբյեկտների» դռները բացի մեր կառավարության անդամների համար: Բազմազբաղ ծերուկները մի քիչ կզվարճանան, ոսկորները ժաժումաժ կգան, համ էլ, ինչպես պատկերավոր նշում են, կգովազդեն մեր մշակութային արժեքները: Համ էլ ժողովրդի գլխին կազմակերպած սեքս փարթիները մի օր գոնե կտեղափոխվեն մեկուսի վայր: Մեղք են և′ ժողովուրդը, և′ պատմական վայրերում օրգիաների կարոտ ծերուկները…
Իսկ եթե լուրջ, ապա այս սկանդալային միջադեպին պատշաճ արձագանքի բացակայության դեպքում կառավարության բարոյական նկարագիրն ամբողջովին հասկանալի կդառնա…
Վարուժան Բաբաջանյան
Աղբյուր՝ lurer.com