Երեկ՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի դաշտում մահացած կին կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիակնության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Արարատի բաժնի և Վեդիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչները, փորձագետն ու դատական բժիշկը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Վեդի քաղաքի Կոմիտասի 1-ին նրբանցքի բնակիչ, 28-ամյա Աննա Ավետիսյանի դին: Տեղում դատաբժիշկը պարզել է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով:
Պարզվել է, որ նրա և Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Հակոբ Նահապետյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Հ. Նահապետյանը, Ա. Ավետիսյանին ձեռքերով պարանոցը սեղմելով, խեղդամահ է արել:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Նահապետյանը, տեսնելով, որ Ա. Ավետիսյանը մահացել է, իր մոտ եղած խոհանոցային դանակով փորձել է ինքնասպան լինել՝ հարվածելով իր կրծքավանդակի ձախ շրջանին:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ սպանությունից մեկ օր առաջ Հ. Նահապետյանի տուն է այցելել Աննան և Հակոբի կնոջն ու երկու երեխաներին հայտնել, որ ինքը Հակոբի սիրուհին է, և Հակոբը պետք է բնակվի իր հետ: Տեղեկանալով այդ մասին՝ Հակոբը հանդիպել է Աննային և իրեն պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենայով գնացել են սպանության վայր, որտեղ էլ տեղի էր ունեցել դեպքը:

Աննան ամուսնալուծված էր և ունեցել է երկու երեխա: Իսկ երբ Հակոբը սպանել է Աննային, դին տեղադրել է Ford Transit-ի մեջ, հետո մահացած կնոջ մարմնի վրա դրել տերունական աղոթքը:

Հակոբը զբաղվում է գյուղմթերքների առևտրով. Երևանի Մալաթիայի շուկայից ապրանքներ է տեղափոխում գյուղեր: