Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Սուսաննա Պետրոսյանը մարմնավաճառության նպատակով Հայաստանից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող իր դստեր հետ նախնական հանցավոր համաձայնությամբ, վերջինիս պահանջով իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:

2012 թվականի դեկտեմբերին նա իր ընկերուհուց իմացել է, որ նման ցանկություն ունի Արարատի մարզի բնակչուհի Ա.-ն:

Սուսաննան հանդիպել է Ա.-ի հետ, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերը և ճանապարհածախսի գումարը կուղարկի իր դուստրը: Հենց նա էլ սկզբնական շրջանում կհոգա Դուբայում բնակվելու, սննդի և այլ հարցերը՝ պարտքը հետագայում մարելու պայմանով:

Սուսաննան նշել է, որ իր դուստրը կօգնի նաև սեռական ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցող հաճախորդներ գտնելու հարցում:

Դուբայ մեկնելու վերաբերյալ Սուսաննան Ա.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ:

2012 թվականի դեկտեմբերի կեսերին Սուսաննան դստեր ուղարկած գումարով Ա.-ի համար ձեռք է բերել Երևան-Դուբայ չվերթի տոմս և դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Ա.-ին ճանապարհել Դուբայ:

Ա.-ն այնտեղ Սուսաննայի դստեր օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել է նրան:

Սուսաննա Պետրոսյանը մեղադրվում է պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Նախկինում չդատված Սուսաննան գտնվում է կալանքի տակ:
1in.am