Հայաստանում օրեցօր կուտակվում են սոցիալական լիցքերը, մինչդեռ իշխանությունները չեն կարողանում կայունացնել իրավիճակը: Կամ` չեն ցանկանում: Կամ` այդպես է պետք:
Երկրի խնդիրները լուծելու փոխարեն` նրանք ավելի հեշտ միջոց են գտել: Ժամանակ են սպանում: Այդպես և՛ հեշտ է, և՛ էժան: Ավելի հեշտ է ԱԺ-ում կամ կառավարությունում մի քանի ծաղրածու պահել, որոնք «բիրիքով» ապուշ մտքեր կարտահայտեն և կզբաղեցնեն հասարակական միտքը, քան ընտրել փառքի տատասկոտ ճանապարհը` աշխատել: Կամ էլ դուրս են գալիս մաքուր օդի` ցրվելու: Մեկը կիթառ է նվագում, մյուսը` դհոլ, մեկ ուրիշը դամ է պահում: Այդպես ժամանակը հեշտ է սպանել: Եթե տնտեսություն կառավարելու համար ապաշնորհ են, կիթառի տնգտնգոցը կարող է սրտեր հուզել: Ճաշակին ընկեր չկա:
Երկրի խնդիրները լուծելու առավել դյուրին ճանապարհ էլ կա` ամեն ինչ բարդել դժգոհողների և լրատվամիջոցների վրա: Երբեմն ցույց տալ խիարի աճի կենսաբանական խախտման պատճառները և մեղադրել գաղջ մթնոլորտ ստեղծելու համար` այդքան էլ ծախսատար չէ: Մի քանի գրպանի հեռուստաալիք և մեկ արկղ հանքային ջուր` սեղանին դնելու համար, և երկրի հիմնախնդիրները եթերով ցրելու կենսական պայմաններն առկա են:
Պետության խնդիրների լուծման լավագույն միջոցներից մեկն անգերազանցելի է` երկրի վիճակից բողոքողներին անվանել գրանտակերներ, ջհուդամասոնական դավադրության մասնակիցներ կամ թշնամու ջրաղացին ջուր լցնողներ: Հին, փորձված, բարի մեթոդ է: Ցանկացածին մեղադրիր օտարի համար աշխատելու, Ադրբեջանի օգտին քարոզչություն անելու մեջ, և կյանքը հիասքանչ է: Երկրի փողերը կարելի է տանել դուրս, որևէ եպիսկոպոսի կողմից օֆշորային հաշիվներում սուրբ ջուր օծել և մեղադրել քննադատներիդ Ադրբեջանի օգտին քարոզելու համար: Ասում են` էֆեկտիվ է:
Շուտով սպասվում են բողոքի նոր դրսևորումներ` տրանսպորտի սակագների թանկացմանն ընդառաջ: Իշխող քաղաքական միտքը գրպանում «ծալած ունի» հերթական աշխարհաքաղաքական դավադրության տեսությունը: Փորձի՛ր հակադրվել սոցիալական բռնաբարությանը` լրահոսը ցնցվում է պատմական փաստերով. այ էսպես դարերով իրար ոտքի տակ ենք տվել, օտարները, նախորդ հազարամյակներից սկսած, դավադիր ծրագրեր են կազմել Հայաստանը ոչնչացնելու համար, իսկ դուք` սրիկաներդ, ջուր եք լցնում նրանց ջրաղացին: Չկարողանալով ծնկի բերել հպարտ հայ ժողովրդին` Հռոմի կայսրերը տարեցտարի թանկացնում էին վարսակի գները, որի հետևանքով ձիերի միջոցով ուղևորափոխադրումների սակագները փոխվում էին: Մայրաքաղաք Տիգրանակերտի իջևանատների մոտ կազմակերպվում էին «Չեմ վճարելու 150 դահեկան» անվանումով ակցիաներ, որի հետևանքով Հռոմը Հայաստանը ներսից թուլացրեց, որին հետևեց Պոմպեոսի արշավանքը Հայաստան: Քանի որ Պոնտոսից բերվող համեմատաբար էժան վարսակի ներկրման մայրուղին վաճառվել էր հռոմեացիներին` մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ստիպված էր ինքնիշխանության որոշակի կորուստների գնալ: Օգտվելով ձիատրանսպորտի սակագների թանկացման շուրջ բողոքի ակցիաներից` Պոմպեոսն ավելի մեծ զիջումներ պարտադրեց հայ ժողովրդին… Հետագա տարիներին վարսակի և պայտի թանկացման հետևանքով ձիատրանսպորտի թանկացման դեմ հրահրվող բողոքի ակցիաները հայերի դեմ շարունակեցին օգտագործել աշխարհաքաղաքական նոր խոշոր կենտրոնները` Բյուզանդական կայսրությունը, արաբական խալիֆաթը, մոնղոլները, սելջուկները և այլն: Հայաստանը ակցիաների միջոցով թուլացնելու` դարեդար ձգվող քաղաքականությունը հետագայում որդեգրեցին ջհուդամասոնական ուժերը, որոնք այսօր` այս պահին, հրահրում են թանկացումների դեմ բողոքողները` թուլացնելու համար մեր երկրի հիմքերը…
Ու պետության կառավարման` ստի, կեղծիքի, ծաղրածուների միջոցով տեսարաններ ապահովելու կոնցեպցիան շարունակվում է:
Դավադրության տեսությունները շարունակում են արցունք կորզել հանդիսատեսից: Ստի, կեղծիքի, ծախու պալատականների խառնամբոխը պղծել է պետության գաղափարը, ստիպել, որ մարդիկ Հայրենիքից փախչեն` ամեն ինչից զզված, հիասթափված, անվերադարձ:
Հայաստանում բնակվում է մի ժողովուրդ, որն օրեցօր զրկվում է Հայրենիքի զգացողությունից…
Որովհետև բոլոր ներպետական և միջազգային ատյաններում մերժվելուց հետո մարդիկ պետք է գնան ակադեմիաներ` խիարաբուծության ճիշտ ուղով զարգացման արդի շրջափուլի մասին գիտական հոդվածներ գրելու…
Որովհետև օրենսդիրները բոյկոտում են կենսաթոշակային բարեփոխումների խիստ կենսական օրինագիծը և գզվռտվում, թե ով է խորհրդարանի պախանի հետ չվելու Լատինական Ամերիկա` պետության վերջին կոպեկները էկզոտիկ «կայֆերի» վրա մսխելու համար: Շատ հուզիչ է` կառնավալներում վավաշոտ հայացքով հետևել կրքոտ բրազիլուհիների հետույքներին այն դեպքում, երբ սեփական պետության վիճակը ուղղակիորեն ասոցացվում է մարմնի այդ հույժ կարևոր մասի հետ…
Որովհետև կիթառահարները ուրիշ ամբիոններ պետք է զբաղեցնեն: Եթե ուրիշ բեմերից նրանց չընդունեն, կարող են երաժշտական ունակությունները փորձել կոնսերվատորիայի բուֆետում: Ասում են` երաժշտությունը մարսողության համար լավ է…
Վարուժան Բաբաջանյան
Աղբյուր՝ lurer.com