Ստեփանավանում 22-ամյա Հեղինե Գ.-ն 38-ամյա Ալեքսանդր Կլիմովին սպանել է անկողնային անհամաձայնություների պատճառով:  Լոռիի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ կինը սպանվածի հետ ունեցել է մտերիմ, ինտիմ հարաբերություններ, մի քանի ամսվա ծանոթներ են: Դեպքի օրը Ալեքսանդր Կլիմովը ցանկացել է անբնական եղանակով սեռական հարաբերություն, ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:

Քննիչը տեղեկացրեց, որ կինը ամուսնացած է եղել Ապարանում, սակայն ամուսնալուծվել է, երեխաներ չունի, տղամարդը, ով ազգությամբ ռուս է, եւս ամուսնալուծված է:

Նա նաեւ նշեց, որ կինը տղամարդուն հարվածել է մի քանի անգամ, վերջինս հենց տեղում մահացել է: Դիտարկմանը, թե միթե տարածքում մարդ չկար, ով կլսեր այդ ձայները, քննիչը տեղեկացրեց, որ դեպքերը եղել են ուշ գիշերը` Ալեքսանդր Կլիմովի տանը` անկողնում:

Ռուդիկ Մինասյանը տեղեկացրեց, որ երկուսն էլ մասնագիտություն եւ աշխատանք չունեն, Ալեքսանդր Կլիմովը ունի մորաքույր, իսկ Հեղինե Գ.-ն` ծնողներ, որոնց հետ, սակայն, չի բնակվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի ոստիկանները սեպտեմբերի 1-ին մի սահմռկեցուցիչ սպանություն են բացահայտել, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Ստեփանավանի միլիոնի թաղամասում: NEWS.am-ի տեղեկություններով Վարդաբլուր թաղամասի բնակչուհի 22-ամյա Հեղինե Գ-ն դանակով հարվածներ է հասցրել ու սպանել Միլիոն թաղամասի բնակիչ Ալեքսանդր Կլիմովին:

Դեպքը տեղի է ունեցել վերջինիս տանը: Ապա Ստեփանավանի 9-րդ դասարանի մի աշակերտուհու հետ, Կլիմովի դին թաքցրել են իր տան կից արհեստանոցում: Սպանությունը տեղի է ունեցել չորս օր առաջ, սակայն բացահայտվել է երեկ: Այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Հեղինե Գ-ն սպանության կասկածանքով ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածով: Թե ինչն է դրդել 22-ամյա Հեղինեին սպանել տղամարդուն, դեռ պարզվում է: