Լոռիի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հեղինե Գ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ կմտնեն դատարան` նրան երկու ամսով կալանավորելու համար: Նա նշեց, որ Հեղինե Գ-ն տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Հեղինե Գ-ն սպանել էր նաեւ Կլիմովի կնոջը` Ս.Հ-ին, ում դիակը մինչ այժմ չի հայտնաբերվել, քննիչն ասաց, որ նման բան չկա, կինը ողջ ու առողջ է, մեկ ամիս առաջ գնացել էր Դսեղ` աշխատանքի նպատակով, այժմ եկել է ոստիկանական բաժանմունք, ցուցմունք է տվել, դատաբժշկի ուղեգիր է տրվել, նրա վրա վնասվածքներ, կապտուկներ չեն հայտնաբերվել:
«Հեղինեն Կլիմովի կնոջը` Ս.Հ.-ին, ում հետ նա 4 տարի է ապրում էր, խնդրել էր, որ իրենց տանն ապրի, քանի որ մենակ աղջիկ է, գնալու տեղ չունի, որոշ ժամանակ ապրել են միասին, այդ ժամանակ կինը չի էլ նկատել, որ ամուսնու եւ հյուրի մեջ ինչ-որ կապ կա: Այդպես օրեր նրանք ապրել են միասին` Կլիմովը, իր կինը, վերջինիս դուստրը եւ Հեղինեն, այնուհետեւ կինը աշխատանքի նպատակով գնացել է Դսեղ, կթվորուհի է աշխատում, իսկ դուստրը մնացել էր տանը, հենց դստեր հետ էլ Հեղինեն թաքցրել էր Կլիմովի դիակը»,- պատմեց քննիչը:
Իսկ թե ինչու աղջիկը խորթ հոր դիակը թաքցնելու մասին չէր ասել մորը, Ռուդիկ Մինասյանն ասաց, որ մոր մոտ հեռախոս չի եղել: Իսկ դիակը թաքցրած անչափահաս աղջկա մասով, քննիչի խոսքով, քննություն է ընթանում, նա գործում ներգրավված է որպես վկա:
Նշենք, որ Հեղինե Գ-ն կապի մեջ է եղել Ալեքսանդր Կլիմովի հետ: Քննիչը պատմել էր, որ տղամարդը ցանկացել էր անբնական եղանակով սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ, ծեծի էր ենթարկել նրան, այդ իսկ պատճառով էլ վերջինս դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն: Թե Կլիմովը, թե Հեղինե Գ-ն ամուսնալուծված են, երեխաներ չունեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր Կլիմովին:
Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը:
Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինե Գ.-ն մոտ 3-4 օր առաջ Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող, Միլիոնի փողոցի տներից մեկում, և դիակը 1998 թ. ծնված Աննա Լ.-ի հետ տեղափոխել բակում գտնվող արհեստանոց:
Ալեքսանդր Կլիմովի դիակը հայտնաբերվել է իր տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հեղինե Գ.-ն ձերբակալված է: Աննա Լ.-ն հանձնվել է պապի հսկողությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
news.am