Սամվելին ու Արտակին միավորողը ի սկզբանե եղել է այն, որ երկուսն էլ «Սևան» ՔԿՀ-ի կալանավորներ էին: Տարբեր հանցանքների համար տարբեր պատժաչափերի էին դատապարտված:

43-ամյա Սամվելի «նախընտրած» հանցատեսակը ավազակային հարձակումն էր: Առաջին անգամ նա ավազակության համար դատապարտվել էր 1999 թվականին: 2003 թվականին ազատվել էր պայմանական-վաղաժամկետ, իսկ 2005 թվականին դարձյալ ավազակային հարձակման համար դատապարտվել էր 8 տարի ազատազրկման:

Պատժի ժամկետը լրացել է 2013 թվականի հունվարի 29-ին, բայց Սամվելն ազատություն դուրս չի եկել, այդ ժամանակ նա կալանքի տակ էր ներկայացվող քրեական գործով՝ կալանավայրից շորթում կատարելու համար:

37-ամյա Արտակ Աբրահամյանի «նախընտրած» հանցատեսակը գողությունն էր: Վերջին՝ 4-րդ անգամ գողության համար նա 2 տարի 3 ամիս ազատազրկման էր դատապարվել 2011 թվականին:

Պատժի ժամկետը լրացել է 2013 թվականի մարտի 29-ին, բայց Արտակը ևս կալանավայրից չի ազատվել, որովհետև այս քրեական գործով արդեն կալանքի տակ էր:

Ըստ մեղադրանքի՝ Սամվելը կալանավայրում իմացել է Նազելի անունով կնոջ հեռախոսահամարը, զանգել նրան, ներկայացել որպես նրա համադասարանցի Ռոբերտ, ով անզգույշ հանցագործության համար հայտնվել է կալանավայրում:

Կինը շփվել է «համադասարանցու» հետ, նույնիսկ նրան է ուղարկել իր լուսանկարներից մի քանիսը: Բայց կնոջ քույրը մի օր փողոցում տեսել է իրական համադասարանցի Ռոբերտին, այդ մասին պատմել Նազելիին, ու վերջինս որոշել է այլևս չշփվել կեղծ Ռոբերտի հետ:
Սամվել Սիմոնյանը Նազելիին խոստովանել է, որ ինքը Ռոբերտ չէ, նա իր իրական անունը, ինչ խոսք, չի բացահայտել, բայց սպառնացել է, որ եթե Նազելին 50 հազար դրամ չուղարկի և իր հետ չխոսի սեքսուալ թեմաներով, նրա մասին արատավորող տեղեկություններ կտարածի, իրենց շփումների մասին կպատմի նրա ամուսնուն:

Ըստ դատական ակտի՝ Սամվել Սիմոնյանին չի հաջողվել Նազելիից ստանալ պահանջված գումարը, որովհետև նրա ամուսինը անձամբ զանգահարել է Սամվելին ու պահանջել, որ այլևս չանհանգստացնի իր կնոջը:

Սամվել Սիմոնյանն իր ընկերներից մեկին է առաջարկել օգտագործել Նազելիի լուսանկարները տարածելու սպառնալիքը և նրանից շորթում կատարել, բայց այդ ընկերը չի համաձայնել:

Իմանալով, որ նույն կալանավայրում գտնվող Արտակ Աբրահամյանը մի քանի աղջիկներից արդեն իսկ շորթում է կատարել, Սամվել Սիմոնյանը նրան էլ է պատմել Նազելիի մասին:

Որոշել են միասին իրականացնել շորթումը: «Օդնոկլասնիկի» կայքում Նազելիի լուսանկարներից մեկով էջ են բացել, անպարկեշտ գրառումներ կատարել, հաղորդագրություններ ուղարկել Նազելիին ու նրա ընկերներին:

Նազելիի մերկ լուսանկարները համացանցում տարածելու սպառնալիքով նրանից պահանջել են 250 հազար դրամ: Նազելին, այլ ելք չտեսնելով, շորթման մասին տեղյակ է պահել ամուսնուն, ինչպես նաև հաղորդում է տվել ոստիկանությունում:

Քիմիական մշակման ենթարկված գումարը նա տաքսու վարորդի միջոցով ուղարկել է Հրազդան, սակայն ճանապարհին մեքենան կանգնեցրել են ՃՈ աշխատակիցները, վարորդին բերման ենթարկել ոստիկանություն, անձնական խուզարկությամբ հայտնաբերել մշակման ենթարկված գումարը:

Արտակ Աբրահամյանի շորթումների «ցանկը» ավելի տպավորիչ է: Նա ծանոթացել է Օֆելյայի, Նելլիի, Վարդուհու, Նաիրայի հետ, նրանցից ստացել գումարներ, հեռախոսի լիցքավորում, սննդամթերք:

Արտակն Օֆելյայի հետ ծանոթացել է «888» ծանոթությունների հեռախոսային ծառայության միջոցով: Ամուսնության առաջարկություն է արել աղջկան, խոսել սիրային թեմաներով, ապա խնդրել է, որ նա իրեն լուսանկարներ ուղարկի, այդ թվում՝ մերկ:

Աղջիկն էլ ուղարկել է, որպեսզի ապացուցի, որ ինքը… լիարժեք կին է…

Ստանալով լուսանկարները՝ Արտակը փոխել է վերաբերմունքը այդ «լիարժեք կնոջ» հանդեպ, սկսել է գումարներ պահանջել՝ սպառնալով մերկ լուսանկարներն ուղարկել նրա բնակավայրի բոլոր բնակիչներին, այդ թվում՝ եղբորը:

Օֆելյան երեք փուլով գումարներ է փոխանցել Արտակի հոր տարանցիկ հաշվին՝ 90 հազար, 130 հազար և 120 հազար դրամ: Արտակի պահանջով աղջիկը նաև կալանավայր է գնացել, տեսակցել կալանավորին ու փոխանցել մոտ 20 հազար դրամի սննդամթերք:

Նույն «888» ծառայության միջոցով Արտակը ծանոթացել է նաև Նելլիի հետ: Հեռախոսով ու սոցիալական կայքում շփվել է հետը, իր սիրած մեխանիզմով նախ ամուսնության առաջարկություն արել, սիրային թեմաներով խոսել, ապա տեղեկացել նրա կյանքի առանձին մանրամասների ու սկսել շորթումը՝ սպառնալով նրա շրջապատում և համացանցում տեղեկություններ տարածել նրա՝ իբր անբարոյական լինելու մասին:

Երեք փուլով Արտակը Նելլիից ստացել է հեռախոսի լիցքավորման գումարներ՝ 30 հազար և 10-ական հազար դրամի չափով: Աղջիկն Արտակից ազատվել է հեռախոսահամարը փոխելու ճանապարհով:
«Օդնոկլասնիկի» կայքի միջոցով Արտակը ծանոթացել է Վարդուհու հետ: Սկզբում սիրային թեմաներով է խոսել, հետո, իմանալով, որ Վարդուհին ամուսին ունի, սպառնացել է, թե նրա ամուսնուն ու ամուսնու ընկերներին տեղեկություններ կտրամադրի կնոջ անբարոյականության վերաբերյալ, եթե կինը կալանավայր չգա տեսակցության: Վարդուհին 2012 թվականի հունվարի 9-ին գնացել է տեսակցության՝ կալանավայրում Արտակին փոխանցելով 135 հազար դրամի սննդամթերք: Միայն դրանից հետո է Արտակը հանգիստ թողել Վարդուհուն:

Արտակի մյուս ծանոթուհին եղել է Նաիրան: Աղջկան ամուսնության առաջարկություն անելուց, ապա նրա անձնական կյանքի մանրամասներին տեղեկանալուց, նրա գաղտնաբառն իմանալուց և սոցիալական ցանցում նրա էջն օգտագործելուց հետո Արտակն այդ տեղեկությունները չհրապարակելու, նրան չարատավորելու համար պահանջել ու ստացել է 50 հազար դրամ և 3 հազար դրամի հեռախոսային լիցքավորում: Մինչ այդ, աղջիկն իր կամքով, այսպես ասած՝ կարեկցանքից դրդված, Արտակի հեռախոսը լիցքավորել էր 40 հազար դրամով:

Ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Սիմոնյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 29-ից:

Արտակ Աբրահամյանը վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 29-ից:

Ի գիտություն արագ ծանոթությունների սիրահար կանանց ու աղջիկների՝ այս երկու կալանավորն էլ բավական ժամանակ ունեն նոր ծանոթությունների ու արկածների համար:
1in.am