Բանակի ոգեղենը վերականգնելու տարի պետք է հռչակվի այս տարի, որովհետև ոգեղենությամբ ենք մարտունակ ու հզոր: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Արծիվ-մահապարտներ» միության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները կգնան պատերազմի, եթե լինի դրա անհրաժեշտությունը, գեներալ-մայորը պատասխանեց. «Եթե իրենց զորակոչեն, ո՞ւր պիտի գնան: Կամ պիտի զորակոչվեն, կամ պիտի աքսորվեն: Ամեն դեպքում` այսօր մեր հանրապետությունում ամենաբարձր պաշտոնյան հայ զինվորն է, ուստի բոլորը գորովանքով պետք է շրջապատեն հայ զինվորին»:

 

Խոսելով իրենց բողոքի ձայնը բարձրացրած ազատամարտիկների մասին` Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ նրանք անտեսված կարող են զգալ` կամ նկատի ունենալով պետական հովանավորչության անբավարար լինելը, կամ էլ յուրայինների կողմից անտեսված լինելը: «Ամենավատ բանն արհամարհանքն է, երբ նրանց կարող են ասել` դե քո փայը արել ես, գնա: Նրանց 10 հազար դրամ ավելացնելը չի պետք կամ 20 հազար դրամ պատվո վճարը տալ: Ազատամարտիկներն ուշադրության ու հոգատարության կարիք են զգում: Իսկ դա ամրագրված չէ ոչ մի օրենքով: Դա քաղաքացիական հասարակության կառուցումն է, որը մեզ մոտ դեռևս թերի է»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի խնդրանքով գեներալ-գնդապետ Աստվածատուր Պետրոսյանը հիշեց Արցախյան պատերազմի տարիների ամենազավեշտալի դեպքերից մեկը, որը ներկայացնում ենք ստորև` տեսանյութով:


Աղբյուր՝ www.yerkir.am