Մեր զրուցակիցն ասաց, որ հաճախ են հանդիպում ամուսիններ, որոնց մոտ սեռական կյանք վաղուց գոյություն չունի. «Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, սոցիալական հասարակության տեմպերի հետ կապված, զբաղված է իր սոցիալական խնդիրներով, կարիերայով, շրջապատում դրսևորվելու մտահոգություններով, և կինն ու ամուսինը դառնում են շատ տարբեր, ընտանիքին միավորող ինտիմ կյանքը մղվում է երկրորդ պլան»: Այս դեպքում կա նաև այն գործոնը, որ կինն իր վրա է վերցնում ընտանիքի սոցիալական կարիքները հոգալու պարտավորությունը, և տարված լինելով իր գործերով՝ սեռական սառնություն է առաջանում:
Գաղտնիք չէ, որ այսօր համակարգչից և ինտերնետից կախվածությունը ևս հասարակության լուրջ խնդիրներից է: Բժիշկը նշեց, որ հաճախ են գալիս կանայք, ովքեր ասում են, թե ամուսինն աշխատանքից վերադառնում է և ավելի շատ համակարգչով և ինտերնետով է զբաղվում, քան ընտանիքով հետաքրքրվում, աչքաթող է անում ընտանիքը. «Վիրտուալ աշխարհի գերակշռությունը ամուսունու մտածելակերպում հանգեցնում է վեճերի: Կան շատ ամուսնական զույգեր, ովքեր իրար հետ շփվում են սկայպով կամ այլ սոցիալական ցանցերով, միջանձնային շփումը վերջին պլան է մղվում: Ամեն մեկն ունենում է իրեն բնորոշ աշխարհը, ապրում է դրանով և մոռանում է, որ ընտանիքը նաև նրա համար է, որ միասնական որոշումներ ընդունեն»:
Այս խնդրի լուծումը մասնագետը տեսնում է մարդկային ջերմ փոխհարաբերությունների վերականգնման մեջ, որը այսօր մեզանում շատ է պակասում. «Ամուսինները պետք է իրար ժամանակ տրամադրեն, մտերմիկ զրույցներին միասնական խորհրդակցություններին, երեխաների դաստիարակությանը ժամանակ հատկացնեն: Հաճախ երեխաների դաստիարակությունը թողնում են ուսուցիչների և, որ ավելի ցավալի է, փողոցի ընկերների վրա: Ժամանակի ընթացքում երեխան սկսում է մեկուսանալ ծնողներից, այլ միջոցներով է իմանում իրեն հետաքրքրող ինֆորմացիան, և արդեն անջրպետ է առաջանում ծնողի և երեխայի միջև»:
Սևադա Հակոբյանն ասաց, որ սոցիալական խնդիրների լուծումից զատ, պետք է ընտանիքում վերականգնել փոխվստահության ինստիտուտը, և այն «անկախությունը», որ ունեն ամուսինները, չպետք է անդրադառնա ընտանիքների վրա: Հակառակ դեպքում դրա առաջին զոհերը դառնում են երեխաները, ովքեր ամբողջովին մեկուսանում են ծնողներից:
1in.am