Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք Քութայիսում բողոքի ակցիա է տեղի ունենում: Ցուցարարները, որոնք հավաքվել են օրենսդիր մարմնի շենքի առաջ, պահանջում են վերանայել խտրականության դեմ օրինագիծը:
Տեղում կենտրոնացել են նաեւ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ է ընթանում, որի ընթացքում քննարկվում է խտրականության դեմ օրինագիծը:
Նախօրեին Վրաստանի պատրիարքարանը քննադատել էր խորհրդարանի կողմից քննարկվող օրինագիծը խտրականության դեմ պայքարի մասին: Պատրիարքարանի դժգոհությունը հարուցել էր այն, որ փաստաթուղթը մյուսների շարքում արգելում է խտրականութունը սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության համար:
«Հավատացյալ հասարակությունն արդարացիորեն ոչ ավանդական սեռական հարաբերությունները մահացու մեղք է համարում, իսկ խտրականության դեմ օրինագիծը ներկայացված տեսքով քարոզում ու օրինականացնում է մահացու այդ մեղքը»,- հայտարարել է Վրաստանի պատրիարքի քարտուղար, ավագ երեց Միքայել Բոտկովելին, հաղորդում է «Civil Georgia»-ն:
Խտրականության դեմ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ապրիլի 17-ին:
Աղբյուր՝ news.am