Չարաճճի, աշխույժ ու ուրախ եմ հիշում ինձ: Մանկապարտեզից հաճախ էի փախչում: Այդ ժամանակ միջնեկ քույրս` Անին, սովորում էր երրորդ դասարանում: Գնում էի նրա մոտ ու նստում իր դասերին: Ծնողներս, մանկապարտեզի աշխատողներն ամենուր փնտրում էին ինձ ու գտնում դպրոցում:):

Մեծ ու ջերմ ընտանիքում եմ մեծացել: Երկու քույր ու մեկ եղբայր ունեմ: Ավագ քույրս լրագրող Մանու Իրիցյանն է, միջնեկ քույրս`Անին, ամուսնացած է, փոքրիկին է խնամում: Եղբայրս`Աղվանը, սովորում է 9-րդ դասարանում:

Դերասանական կրթություն չունեմ. մասնագիտությամբ հագուստի դիզայներ-մոդելավորող եմ:

Շատ պատահական ու արագ ես ներքնազգեստի խանութից հայտնվեցի “Դժվար ապրուստ”-ում: “Ինդիվիդում քասթինգ”-ում գրանցվեցի, հենց նույն օրն էլ հրավիրեցին քասթինգի եւ ընտրվեցի որպես Էսթերի դերակատար: Ի դեպ, քանի որ աշխատում էի, չէի կարող գնալ, բայց ճակատագիր էր, թե բախտ, այդ օրը փոխարինող գտնվեց:

Մասնագիտական կրթություն չունենալու պատճառով դժվարությունների հանդիպեցի հենց սկզբից: Տեսախցիկին ընտելանալու, բարբառով խոսելու խնդիր կար, որը հետագայում շտկվեց: Թիմս միշտ օգնում է ինձ:

Եթե հիմա հարցնեն, թե կցանկանայի սերիալում այլ դեր խաղալ, միանշանակ կասեմ, որ ինձ շատ հարազատ է հենց Էսթերի կերպարը:

Սերիալը շատ բան փոխեց իմ կյանքում. նոր ծանոթություններ, ընկերներ, աշխատանքային նոր գրաֆիկ եւ, իհարկե, ճանաչում:

Փողոցում մարդիկ գովեստի խոսքեր շատ են ասում:Կարծում եմ`արդեն երկրպագուներ ունեմ: Դեռեւս երկրպագուների խենթ արարքների չեմ հանդիպել:

Արդեն 7 ամիս է` նկարահանվում եմ: Ամբողջությամբ նվիրվել եմ այս գործին: Հուսով եմ` կարդարացնեմ սպասումները եւ հետագայում այլ նախագծերում էլ հանդես կգամ: Առաջարկներ արդեն իսկ կան, բայց մինչեւ սերիալը չավարտվի, դրական պատասխան չի լինի:

Սերիալից դուրս ուրախ, շփվող Տաթեւն եմ: Ազատ ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ ընկերուհիներիս հետ, հագուստներ եմ մոդելավորում: Առավել մտերիմ ընկերուհիներս լրագրող Աննան ու նկարչուհի Անին են:

“Դժվար ապրուստ”-ի նկարահանումների ընթացքում էլ ծանոթացել եմ Շուշան Թովմասյանի հետ: Հիմա լավ ընկերներ ենք: Ես եւ Շուշանը բնավորությամբ շատ նման ենք` դրական ու ուրախ:

Բնություն շատ եմ սիրում, հաճախ եմ լինում այգիներում: