Կռահեցիք, հավանաբար, որ խոսքը ՀՀԿ-ի և նրա համամասնական ցուցակի առաջին համարի՝ Տարոն Մարգարյանի մասին է, թեև նրանցից շատ հետ չեն մնում նաև ԲՀԿ-ն (իր առաջնորդի կերպարով) և ՕԵԿ-ը (իհարկե, խիստ ձևականորեն): Հավանաբար, սրանց թվին կմիանա նաև «Ժառանգությունը», եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնի իր կուսակցության համամասնական ցուցակի անդամների հետ: Ճիշտ է, նրա անունը չկա այդ ցուցակում, բայց գրեթե վստահաբար կարող ենք ասել, որ հենց նրա անվան հետ կկապվի Երևանի ավագանու ընտրություններում  «Ժառանգության» քարոզարշավը:

Իհարկե, կարող են ասել՝ դա ռազմավարություն է, այդպես ենք հարմար գտնում: Բայց դա ինքնախաբեություն է մի կողմից և մարդկանց աչքերին թոզ փչել՝ մյուս կողմից, քանզի ծիծաղելի է, երբ դու 200 մարդու անուն ես գրում ցուցակումդ և մարդկանց տներն ու բակերն ընկած խնդրում ես, որ իրենց ձայնը տան այդ 200-ից ընդամենը մեկին: Իսկ ո՞ւր են այդ 200 մարդու ձեռքբերումները: Չէ՞ որ քո «ընտրյալը» նաև այդ թիմով է աշխատելու, եթե, իհարկե, ընտրվի:

Ամեն մի տուպիկում սնկի պես աճած շտաբների, ենթաշտաբների և ենթաենթաշտաբների վրա Տարոն Մարգարյանի մեծադիր լուսանկարներն են՝ հստակ մատնանշումով՝ Տարոն Մարգարյանի շտաբ: Ինչո՞ւ չեն գրում՝ «ՀՀԿ շտաբ»: Վա՞տ են զգում, ամաչո՞ւմ են, վախենո՞ւմ են, վստահ չե՞ն իրենց ուժերին: Անտարակույս: Այդ իսկ պատճառով էլ ընտրությունների են գնում  «Տարոնն առաջ» ռազմավարությամբ՝ հույսը դրած գործող քաղաքապետի ոչ այն է՝ անձնական հմայքի, ոչ այն է՝ շնորհքի, ոչ այն է՝ հոր հիշատակի, ոչ այն է՝ լավ գործերի, ոչ այն է՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած գրեթե հարազատական մտերմության վրա:

Ավանում (տեղյակ չենք՝ մյուս վարչական տարածքներում ինչպես) ժողովրդի մեջ մի հետաքրքիր մոտեցում կա: Ասում են՝ ՀՀԿ-ին ձայն չենք տա, բայց Տարոնին կտանք: Տարոն Մարգարյանի և նրա անվան շուրջ զարմանալի աուրա գոյություն ունի, որ երկար տարիներ է, ինչ պահպանվում է Ավանում: Բայց այստեղ բոլորն էլ գիտեն, որ հենց Տարոն Մարգարյանի թաղապետ եղած ժամանակ ավարտին հասցվեց համայնքապատկան տարածքները մեծահարուստներին սեփականաշնորհելու գործընթացը, բոլորն էլ գիտեն, որ Ավանում ամեն ինչ պատկանում է մի խումբ մարդկանց ու նրանց մերձավոր շրջապատին, վերջապես բոլորը տեսան, որ Ավանից, ավանդության համաձայն, ընտրված պատգամավորին փոխարինում է առավել «ավանդականը»՝ հաղթելով մի ընտրությունում, որը, չնայած բազմատառապյալ Ստյոպա Սաֆարյանի ներդրած ջանքերին, իր ապաքաղաքականացվածությամբ գերազանցեց անգամ Մարգահովիտի (հայտնի է նաև Համզաչիման և Բոզգեղ անուններով) համայնքապետի ընտրությանը: Ավանում այսօր մատնանշում են աղբահանությունը, նստարանաշատ զբոսայգին, մի քանի բարեկարգված բակերն ու խաղահրապարակները, կիսասպիտակեցված շքամուտքերը, «հորս արև» սկզբունքով մի կերպ աշխատող վերելակները, ինչպես նաև ամենազոր ասֆալտը, որ հասել է սեփական սեկտորի ՀՀԿ-ամետ ազգաբնակչության հավաբներին:

Մարդիկ այլ բան չեն էլ ուզում տեսնել: Այն հասարակ բանը, որ այդ ամենը պետության և իրենց միջոցներով է արվում, որ կապ չունի ՀՀԿ-ի հետ, և Տարոն Մարգարյանի փոխարեն էլ մեկ ուրիշը, գուցե, այդ ամենն ավելի լավ կաներ՝ ոչ մեկին հնարավոր չէ բացատրել: Նույնիսկ համապատասխան մասնագետին այստեղ դժվար է բացատրել, որ ինքը վարչական տարածքի ղեկավարի կամ մեկ այլ կարևոր պաշտոնում շատ ավելի լավ կարող էր աշխատել, քան Տարոնի նշանակած ծանոթ-բարեկամները: Ընտրողին հարցնում ես՝ քանի՞ ամիս է պատգամավոր եք ընտրել հայտնի աներձագին. ե՞րբ եք ձեր մեծամասնական պատգամավորին տեսել վերջին անգամ: Պատասխան չկա, իսկ որ առավել զվարճալի է, իրենք են հարց տալիս՝ ի՞նչ աներձագ: Բայց, միևնույն է, նրանց համար վերևում Աստված է, Ավանում՝ Տարոնը:

ՀՀԿ-ի համար ո՞րն է ավելի կարևոր՝ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյան ունենա՞լը, թե՞ ընդհանրապես Երևանի քաղաքապետ ունենալը: Բնականաբար՝ քաղաքապետ ունենալը, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Տարոնը կլինի, թե մեկ ուրիշը, ՀՀԿ-ի համար էական չէ: Պարզապես Տարոն Մարգարյանի անձը կարևոր է ՀՀԿ-ի համար՝ իր խայտառակ կողմերը որոշ չափով քողարկելու և մարդկանց հոգու լարերի վրա խաղալու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր կուսակցության հիմնադիր համագումարում մի այսպիսի հայտարարություն արեց. «Տարոնն ինձ համար անձ չէ, նա համակարգի խամաճիկն է: Եվ Տարոնը չլինի, ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու: Մենք պայքարում ենք ոչ թե Տարոնի, այլ համակարգի դեմ»: Անթերի ձևակերպում: Այդուհանդերձ՝ համակարգը դեռ պետք է դուրս բերել Տարոն Մարգարյանի թիկունքից, որտեղ նա իրեն հուսալիորեն պաշտպանված է զգում: Համակարգն այսօր Տարոնին է դեմ տվել, որ քննադատության սլաքները հենց նրա վրա ուղղվեն: Այս ընտրությունները ՀՀԿ-ն վերածում է անձի ընտրության՝ այդ անձի հաղթանակի համար անմնացորդ ներդնելով ողջ պետական ռեսուրսը՝ նախագահական հովանավորությունից սկսած:

Էդիկ Անդրեասյան

ilur.am