Ինչպես տեղեկացրել ենք  այսօր կեսօրին նրանք կրկին նախատեսել էին բոյկոտել աշխատանքը եւ բողոքի ցույց անցկացնել: Բայց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցը կանխել է նրանց մտադրությունը:

Մեկ ժամից ավելի տեւած քննարկումից հետո օպերայից դուրս եկող աշխատակիցները փախչում էին լրագրողներից:

Աշխատակիցներից մեկն էլ` բարիտոն Գեւորգ Հակոբյանը, որը բեմադրություններում գլխավոր դերերով է հանդես գալիս, ներկայացավ հրշեջ, որ խուսափի լրագրողների հարցերից:

«Ամբողջ ազգին դարձրին չարչի, դե արի Հայաստանից մի փախչիր:

Ինչ աստղեր կային մեր երկրում, էլ չեն փայլատակում մեր երկնքում: Կործանվեցին արվեստագետները, էլ չեմ շեշտում այլ կետերը»,- ասաց օպերայից դուրս եկող մի աշխատակից: Մեր հարցին, թե փոխնախարարն ինչ էր ուզում, ինչու էր եկել, ասաց. «Արդեն լավ չեմ լսում, ականջներս փչացան» ու գնաց:

Կային աշխատակիցներ, որոնք օպերայի մուտքից փախան վազելով, մյուսները` դեմքերը փակած: Միայն երկու աշխատակիցներ կցկտուր պատասխան տվեցին փոխնախարարի հետ ունեցած քննարկման մասին: Մի կին ասաց, որ փոխնախարարը խոստացել է իրենց ցածր աշխատավարձի խնդիրը ներկայացնել նախարար Հասմիկ Պողոսյանին: Հորդորել է ցույցերի դուրս չգալ, մինչեւ հարցը չլուծվի: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ նախարարի հետ նոր հանդիպում կազմակերպելու մասին:

Աշխատակցուհին դժվարացավ ասել, թե իրենց ինչքանով են բավարարել փոխնախարարի հավաստիացումները` իրենց բարձրաձայնած խնդիրների լուծման վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/11/430498/