Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը՝ խոսելով սեռական խանգարումների մասին:
Ըստ բժշկի՝ ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկա դիմողների թվից կարելի է եզրակացնել, որ այցելուների մոտավորապես 25%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 50%-ը՝ տղամարդիկ: Դիմող կանանց գրեթե 55%-ն ունի oրգազմի խնդիր:
Ինչ վերաբերում է կանանց կողմից ամենահաճախ ներկայացվող սեռական գանգատին, ապա դրանք, ըստ Վրեժ Շահրամանյանի, օրգազմի խանգարումն է, սեռական բավարարման բացակայութունը, սեռական ցանկության նվազումը, ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, սեքսուալ ֆոբիաները և այլն:
«Անօրգազմիան կնոջ օրգազմի մշտական կամ պարբերական բնույթ ունեցող խանգարումն է: Տարբերում են օրգազմի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնային անօրգազմիա ունեցող կինը երբևէ օրգազմ չի ապրել, իսկ երկրորդային անօրգազմիա ունեցողը նախկինում առանց որևէ դժվարության հասնում էր օրգազմի, բայց ժամանակի ընթացքում ինչ-որ պատճառով կորցրել է այդ ունակությունը»,- նկատեց վերջինս:
Անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու, սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու, նրանց հեշտոցը խոնավանում է՝ իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա, սակայն, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մեծ մտահոգություն են պատճառում պոտենցիայի հետ կապված խնդիրները, ըստ սեքոպաթոլոգի, շատ կանայք անտարբեր են оրգազմի բացակայության նկատմամբ:
«Շատերը նույնիսկ կարծում են, որ կնոջ համար օրգազմ ապրելը բոլորովին էլ պարտադիր չէ, քանի որ հղիանալ ու երեխա ունենալ կարելի է և առանց օրգազմի»,- նշեց Վ. Շահրամանյանը՝ ընդգծելով, որ օրգազմի տևական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն է ունենալ կնոջ նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի վրա, կարող է նևրոզների, սեռական ցանկության, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Կանանց օրգազմի խանգարումները, ըստ վերջինիս, երբեմն լինում են որոշ հիվանդությունների (ծլիկի բնածին անոմալիաների, հորմոնային խանգարումների, շաքարային դիաբետի և այլն) կամ դեղերի (օրինակ՝ հակադեպրեսանտների կամ ճնշման դեղերի) կողմնակի ազդեցության հետևանք և հիմնականում ունեն զուտ հոգեբանական արմատներ:
Ինչ վերաբերում է անօրգազմիայի պատճառներին, ապա դրանք, ըստ մասնագետի, սեռական դաստիարակության կոպիտ սխալներն են ու ընտանեկան հակասեքսուալ մթնոլորտը:
«Կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց: Կնոջ օրգազմին կարող է խանգարել նաև տղամարդու կոպիտ վերաբերմունքը:
Կինը մեքենա չէ, նա պիտի հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինի սեռական հարաբերությանը, հակառակ դեպքում սեռական ակտը նրա համար կլինի տհաճ և ցավոտ»- նշեց նա:
Ըստ բժշկի՝ տղամարդը պետք է անպայման նախապատրաստի կնոջը, հատկապես եթե դա կնոջ առաջին փորձն է: Ցանկացած կնոջը հաճելի է իմանալ, որ իր տղամարդու համար նա սիրելի ու ցանկալի է, այդ պատճառով տղամարդու կողմից փաղաքշանքներն ու հաճոյախոսությունները երբեք ավելորդ չեն լինի:
Ըստ Վ. Շահրամանյանի՝ անօրգազմիայի առաջացման մեջ մեծ դեր կարող են խաղալ նաև կենցաղային պայմանները, օրինակ՝ փոքր տան մեջ ապրելը, անհարմարավետությունը, վախը, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել, լսել… Եթե կինը չի կարողանում լիցքաթափվել, կենտրոնանալ ու վստահել իր տղամարդուն, ապա նա մեծ հավանականությամբ չի կարողանա օրգազմ ապրել:
Բազմաթիվ կանայք իրենց սեռական խնդիրները գաղտնի են պահում, քանի որ ընդունված չէ սեռական խնդիրների մասին խոսել:
Օրգազմի բացակայությունը կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Երբեմն կանանց համար սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի: Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ գերդրդվածության առաջացման պատճառ է դառնում:
Սկզբնական շրջանում նման ախտանիշները ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից: Տևական անօրգազմային վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների համար: Այդ պատճառով անհրաժեշտ է նշված երևույթներից խուսափելու համար ճիշտ ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի:
Բժիշկը նկատեց, որ երբեմն կանայք դիմում են ոչ կոմպետենտ բժիշկների, որոնց մասնագիտությունը սեռական ոլորտը չէ, և չբուժվելով` կորցնում են հավատը բժիշկների նկատմամբ:
Վերջինս հավաստիացրեց, որ կանանց օրգազմի խանգարումները բուժվում են մեծ արդյունավետությամբ, նույնիսկ երբ խանգարման հիմքում ընկած են խորը հոգեբանական խնդիրներ:
Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից:
1in.am