Բացօթյա ֆլեշ-մոբի ընթացքում «Լոգոպեդիա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները տարբեր դերախաղերի և իրավիճակների միջոցով ևս մեկ անգամ հիշեցրին լոգոպեդի մասնագիտության մասին, որը կարող է օգնել խոսքի ձևավորման և զարգացման ողջ ընթացքում:
Ֆլեշ-մոբի հաջորդ փուլում ուսանողները գործնականում ցուցադրեցին «Արտթերապիա» առարկայի ընթացքում ձեռք բերած հմտությունները. րոպեների ընթացքում գունավոր թղթերից, պլաստմասե առարկաներից պատրաստվեցին տարբեր օրիգինալ ձեռագործ իրեր, որոնք բաժանվեցին անցորդներին, իսկ ավարտին օդ բացթողնվեցին լուսատու օդապարիկներ:
Ապագա լոգեպեդ, 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Համբարձումյանը մասնակցում էր ձեռնարկին`չնայած զբաղված գրաֆիկին ու առջևում նախատեսված ավարտական որակավորման քննություններին: Պլաստմասե շշերից, մեկանգամյա օգտագործվող գդալներից պատրաստված լուսամփոփները ոգեշնչել են. որոշել է` ոչ պիտանի իրերից նոր, գեղեցիկ առարկաներ պատրաստել և դրանք հետագայում կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում:
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Աննա Չարչյանի համար տեսական գիտելիքները գործնական միջոցառումներով համեմելն աշխատանքի անբաժան մասն է: Հատուկ մանկավարժը վստահ է` ֆակուլտետի կազմակերպած լոգոպեդական դիդակտիկ նյութերի ցուցահանդեսները, ձեռագործ խաղերն ու լոգոհեքիաթները կնպաստեն մասնագիտության մասին հանրության իրազեկմանն ու հետաքրքրության մեծացմանը: «Ֆլեշ-մոբն ուսանողներին օգնեց ևս մեկ անգամ վերագնահատել ընտրած մասնագիտության կարևորությունը, առավել ստեղծագործաբար մոտենալ դրան, իսկ անցորդներին բաժանված բուկլետներն ու պաստառներն էլ իրազեկել այս մասնագիտության վերականգնողական և բուժական հատկությունների մասին»:
Նախաձեռնության հեղինակ Աննա Չարչյանը վստահ է` նման միջացառումները կօգնեն առանձնահատուկ կարիք ունցող երեխաների հետ աշխատանքում, կնպաստեն վերջիններիս հետ անմիջական շփմանն ու հեշտ հաղորդակցմանը:
Միջոցառմանը ներկա էին նաև բուհի Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազանը, ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը, դասախոսներ և ուսանողներ: