14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմ ունեցող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել հունիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը»,-ասաց Գնդոյանը, հավելելով, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով:
«Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել: Այսօր երեխայի գտնվելու տեղանքի մասով որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-նշեց նա:
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելուց 10 օր անց Արարատի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով դեռ որևէ տեղեկատվություն չկա: «Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ասացին, որ երեխայի անհետացման վարկածների հետ կապված որևէ բան ասել չեն կարող, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է:
Արմավիրի մարզի փրկարար վարչության պետ Հովհաննես Մարգարյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղից ստացվել են ահազանգեր երեխայի գտնվելու հավանական վայրի վերաբերյալ, ևս որոնողական աշխատանքները դադարեցված են: «Հունիսի 12-ին մարզի փրկարար վարչություն է դիմել Հայկի եղբայր Գոռը, տեղեկացնելով, որ երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, խնդրելով մասնակցել որոնողական աշխատանքներին»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հենց այս օրը դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը, կատարվել են որոնողական աշխատանքներ մարզի 11 համայնքներում և հարակից դաշտերում:
«Աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, 60 կամավոր, 29 ավտոմեքենա, 3 ամենագնաց կվադրոցիկլ, ապա նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ երեխային տեսել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում, որտեղ ևս ծավալվել են համատեղ որոնողական աշխատանքներ»,-նշեց փրկարար վարչության պետը:
Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ երկու մարզերում մինչև հունիսի 15-ը տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են ոչ միայն 200-ից ավելի փրկարարներ, կամավորներ, նաև երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են կինոլոգներ և դրոններ, սակայն ապարդյուն:
Կորած երեխային փնտրող կամավորականների՝ Մասիսի շտաբի համակարգող Բայանդուր Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կամավորները 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները սկսել են հունիսի 11-ին: «Հունիսի 8-ին՝ երեխայի կորելու օրը, որոնողական աշխատանքները սկսել է Հայկի եղբայր Գոռը՝ ընկերների հետ: Մենք այդ աշխատանքներում ներգրավվել ենք 3-րդ օրը»,-ասաց նա:
Բայանդուր Պողոսյանի խոսքով՝ երեխայի որոնողական աշխատանքները դադարեցրել են նաև կամավորները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: «Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում, և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,-հայտնել էր դատախազությունը:
Նյութի աղբյուր tert.am