Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Աշոտ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին չէր բոլորել Աշոտ Մ.-ի 20 տարին: Նա երևանյան բուհերից մեկի հեռակա ուսուցման երրորդ կուրսի ուսանող էր:

Աշոտ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման և ապօրինի կերպով գազային ատրճանակ կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի լույս 17- ի գիշերը՝ ժամը 2-ն անց 40-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ գումար հափշտակելու նպատակով Աշոտ Մ.-ն մտել է Երևանի Բաղրամյան 85 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ ու  գանձապահ աղջկան է տվել սպառնալիք պարունակող գրություն. «Ինձ մոտ կա պայթուցիկ և զենք, կարող եմ դրանք գործադրել, տվեք ամբողջ գումարը»:

Գանձապահն այդ գրությունն անմիջապես հանձնել է իրենից ոչ հեռու կանգնած մենեջեր Պետրոս Ա.-ին: Վերջինս կարդացել ու սկսել է հորդորել Աշոտ Մ.-ին՝ իրենց չվնասել ու հանցավոր մտադրությունից հետ կանգնել:

Սակայն Աշոտ Մ.-ն, ըստ մեղադրանքի, իր հանցավոր դիտավորությունն անհապաղ իրականացնելուն ուղղված գործողություններ է կատարել՝ գոտկատեղի աջ հատվածից հանել է առանց համապատասխան թույլտվության ապօրինի կրած գազային ատրճանակը, ցուցադրաբար ձգել է փակաղակը և ի ցույց հանելով որովայնին հաղորդալարով կապված սարքը, սպառնացել է, թե դա  պայթուցիկ սարք է, կպայթեցնի, ու պահանջել է 100   հազար դրամ: Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Մ.-ն սպառնացել է, որ պահանջած  գումարը չտալու դեպքում կկրակի կամ կպայթեցնի իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը:

Սակայն, ըստ մեղադրանքի, մենեջեր Պետրոս Ա.-ի հետ շուրջ երկու րոպե զրուցելուց հետո, հասկանալով, որ արդեն բավական ժամանակ է՝ գտնվում է  սուպերմարկետում և արդեն հնարավոր է՝ ահազանգ է եղել ոստիկանություն, բռնվելուց խուսափելու համար  Աշոտ Մ.-ն ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի:

Ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը հաշվի է առել, որ Աշոտ Մ.-ն վատառողջ է, նախկինում դատապարտված չի եղել: Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Տուժողի ներկայացուցիչը քաղաքացիական հայցի պահանջ  չի ներկայացրել:

Աշոտ Մ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235 հոդվածի 4-րդ մասով, ու դատապարտվել է  6 տարի ազատազրկման և տուգանքի՝ 500 հազար դրամի չափով: Ազատազրկման ձևով պատժին հաշվակցվել է Աշոտ Մ.-ի՝ կալանքի տակ գտնված 4 ամիսը, նա վերջին հաշվով դատապարտվել է  5 տարի 8 ամիս ազատազրկման և տուգանքի՝ 500  հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը՝ Աշոտ Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Այս դատավճիռը պատժի մասով բողոքարկել էր ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Աղվանյանը: Նա պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով՝ Աշոտ Մ.-ի նկատմամբ սահմանել մեղսագրված արարքների համար օրենքով նախատեսված նվազագույն  պատժից ավելի մեղմ պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ կամ կիրառել պայմանական դատապարտություն և Աշոտ Մ.-ին իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ բողոքը քննվել է քրեական վերաքննիչ դատարանի՝ Ա. Վարդանյան, Մ. Պապոյան, Ա. Բեկթաշյան կազմով:

Վերաքննիչ դատարանում պաշտպան Ս. Աղվանյանը, հիմնավորելով իր բերած բողոքը, նշել է, թե հանցավոր արարքի կատարման ժամանակ Աշոտ Մ.-ի մոտ առկա է եղել պլաստմասսայից շշի ու կպչուն ժապավենի միջոցով սարքված ինքնաշեն պայթուցիկ սարքի՝ ընդամենը  մուլյաժ, ոչ թե իսկական պայթուցիկ սարք, բացի այդ՝ նրա մոտ եղած գազային ատրճանակի պահունակը դատարկ է եղել, այդ հանգամանքը հաստատված է խուզարկության արձանագրությամբ, փորձագետի եզրակացությամբ:

Պաշտպանն ընդգծել է՝ ակնհայտ է, որ պլաստմասսայից շիշն անհնար էր գործադրել որպես պայթուցիկ սարք, իսկ պահունակը դատարկ գազային ատրճանակից անհնար էր կրակել ու որևէ մեկին վնաս պատճառել: Նշվածը, ըստ պաշտպանի, վկայում է՝Աշոտ Մ.-ն հստակ գիտակցել է, որ մոտը եղած «զենքերով» որևէ մեկին վնասելու իրական մտադրություն և հնարավորություն չունի, ինչը էականորեն նվազեցնում է արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Պաշտպանը շեշտադրել է նաև իր պաշտպանյալի վատառողջությունը՝ գանգուղեղային տրավմայից հետո առկա մնացորդային երևույթները, որոնք հաշվի առնելով՝ Աշոտ Մ.-ն կարիք ունի նյարդաբանի և վիրաբույժի անընդհատ հսկողության: Ներկայացված հանգամանքները, պաշտպանի կարծիքով՝ կարելի էր գնահատել որպես բացառիկ հանգամանք և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածը:

Պաշտպանն ընդգծել է, որ արարքի արդյունքում որևէ մեկին վնաս չի պատճառվել, այդ թվում նաև՝ նյութական վնաս: Աշոտ Մ.-ն ուսանող է, սովորում է բուհում, նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջացել է:

Մեղադրող դատախազը գրավոր առարկություն էր ներկայացրել վերաքննիչ բողոքի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ պաշտպանի բողոքում նշված հանգամանքները հիմնավոր են,  թվարկված հանգամանքները կարող են դիտվել որպես բացառիկ, և Աշոտ Մ.-ին մեղսագրված ավազակային հարձակման համար կարող է նշանակվել օրենքով սահմանված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ:

Վերաքննիչ դատարանը պաշտպան Ս. Աղվանյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ ազատազրկման ձևով պատժի մասով բեկանվել ու փոփոխվել է մեղմացման առոումով:

ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,  64 հոդվածի կիրառմամբ, սահմանվել է 4 տարի ազատազրկում: Այս պատժին հաշվակցվել է Աշոտ Մ.-ի՝ նախնական կալանքի տակ եղած 4 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 3 տարի  8  ամիս ժամկետով և տուգանք՝ 500   հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը կհաշվվի Աշոտ Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից,եթե դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի:

Միևնույն ժամանակ՝ վերաքննիչ դատարանի կազմի երեք դատավորներից մեկը՝ Ա. Վարդանյանը, Հատուկ կարծիք է գրել՝ նշելով, թե իր կարծիքով՝ պաշտպանի վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման, պատժի մեղմացում կատարելը պետք է մերժվեր, քանզի ավազակային հարձակումն ինքնին հանրային վտանգավորության բարձր աստիճան ունի՝ անկախ նրանից՝ գազային ատրճանակի պահունակը դատարկ է եղել, թե ոչ կամ ցուցադրված պայթուցիկ սարքն իրական է եղել, թե մուլյաժ կամ՝ գումար հափշտակվել է, թե ոչ: Այս առումով, ըստ Հատուկ կարծիքի հեղինակի, առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր էր, այն պատժի մասով փոփոխելու, պատիժը մեղմացնելու՝ պաշտպանական կողմի պնդումներն անհիմն էին ու չպետք է բավարարվեին:

Մեղադրանքի և պաշտպանական կողմերը վերաքննիչ դատարանի  դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքներ են բերել:


Նյութի աղբյուր