Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի հիվանդանոցի ծննդատանը բարեհաջող տղա երեխա է ունենում Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բնակիչ, 28-ամյա Վարդուշ Ալլաբյանը:

Ծննդաբերությունից հետո՝ լույս 11-ի առավոտյան, ժամը 04:00-ի սահմաններում, մայրը նորածնին նետում է հատակին, բռնություն կիրառում առանձնակի դաժանությամբ, հետո բարձով խեղդամահ անում երեխային:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի կողմից տեղի ունեցած դեպքի առթիվ քննություն կատարելու հանձնարարությունը դրվում է նույն բաժանմունքի քննիչ Էդգար Բալոյանի վրա:

Քննիչի կողմից հարուցվում է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 106 հոդվածի (մոր կողմից նորածին երեխայի սպանություն) հատկանիշով: Գ. Շամշյանը հայտնում է, որ երեխային սպանած Վ. Ալլաբյանը ունի 10 և 8 տարեկան տղաներ, սակայն ամուսնու հետ ապրում է փաստացի:
Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահոգեբանական: