Քննիչ Ազատ Դանիելյանն այսօր՝ մարտի 10-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ ինքը լիարժեք քննություն է անցկացրել:
Հիշեցնենք, որ Մարո Գուլոյանի իրավահաջորդի փաստաբան Լուսինե Մինասյանը բողոքարկել էր գործի վարույթը կարճելու Նոր Նորքի քննչական բաժնի նոյեմբերի 20-ի որոշումը՝ մատնանշել էր այն ժամային հակասությունները, որոնք եղել են դեպքի առթիվ վկաների տված ցուցմունքներում, սակայն անտեսվել են նախաքննական մարմնի կողմից։ Անդրադառնալով դրան՝ քննիչն ասաց, որ վկաները ժամերը հստակ չեն հիշել և մոտավոր են նշել: Փաստաբանը քննիչին հիշեցրեց, որ ցուցմունք տալիս վկաները կոնկրետ ժամեր են գրել:
«Երբ մարդիկ ժամը չեն հիշում, ասում են՝ ժամը չենք հիշում, ոչ թե կոնկրետ ժամ են նշում: Արևակ Գուլոյանը՝ Մարո Գուլոյանի սկեսուրը, հայտնել է, որ դեպքի օրը, իրենց տանը մոտ գտնվող հողատարածքում, 17:00-ից 18:00-ի սահմանում հեռախոսով զրուցել է Մարո Գուլոյանի մոր հետ: Վերջացնելուց հետո զանգահարել է տուն և իմացել, որ տանը դեպք է եղել և իրեն շատ շտապ կանչում են տուն: Դրան հակառակ վկաների մեծամասնությունն էլ նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ին։ Ինձնից շատ ավելի հարուստ փորձ ունենալով՝ դա ձեզ մոտ պետք է կասկածներ առաջացներ»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանին այս հարցով քննիչի պարզաբանումները չբավարարեցին:
«Շատ մանկական պարզաբանումներ էին: Ի՞նչ է նշունակում՝ դե միգուցե այդպես, դե միգուցե լավ չէին հիշում: Նախաքննության ժամանակ շատ կարևոր է հասկանալ, թե հենց դեպքի օրը ինչ է կատարվել, հասկանալ՝ ով ում հետ է շփվել, ինչ են խոսել, ժամերը հատկապես շատ կարևոր են: Ցուցմունքներից այնքան կասկածելի հանգամանքեր կարելի էր քաղել, որ յուրաքանչյուր նորմալ մասնագետի մոտ ինքնասպանության վարկածը վերջինը կլիներ»,- նիստի ավարտից հետո NEWS.am-ին ասաց Լուսինե Մինասյանը՝ նշելով, որ շատ հնարավոր է՝ վկաները, որոնք նույն ընտանիքի անդամներ են, պայմանավորված լինեն ցուցմունքերի շուրջ և ինչ-որ ընդհանուր սցենար հորինած լինեն:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ բողոքի քննության առաջին դատական նիստից հետո Գուլոյանների ընտանիքը Մարոյի հարազատներին թույլ չի տալիս տեսնել Մարոյի երկու տարեկան դստերը: Նա ասաց, որ իրենք պատրաստվում են դիմել դատարան՝ երեխայի հետ տեսակցություն պահանջելու համար:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան էր եղել: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Գործով նախաքննությունն իրականացվել էր ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում, որը 2013թ. ապրիլի 22-ին որոշում էր կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության պատճառով: Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ, գործի քննությունը վերաբացվել էր, իսկ վերաբացված գործով քննությունը Քննչական գլխավոր վարչության կողմից հանձնարարվել էր Նոր Նորքի քննչական բաժնին: Վերջինիս կողմից 2013թ. նոյեմբերի 20–ին կայացվել էր գործի վարույթը կարճելու մասին 2-րդ որոշումը:
Նյութի աղբյուրը