Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Նարինե Ծատուրյանը մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: 

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, 44-ամյա Նարինե Ծատուրյանը, աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, 2009 թվականից մինչեւ 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է թվով 11 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն։   Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2 մաս 5 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրելով կալանքը: 

Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Նարինե Ծատուրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:  

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ Ն. Ծատուրյանը նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա եւ որ  հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը: 

Ի դեպ իրեղեն ապացույց ճանաչված 401 ԱՄՆ դոլարը, 1.000 ՌԴ ռուբլին, 949.000 ՀՀ դրամը որպես եկամուտ հանձնել է պետությանը:


Աղբյուր՝ news.am