Նա երբեք պլաններ չի կազմում

Դու ընդամենը ցանկանում ես, որ նա առաջարկի որևէ բան, ցանկացած բան, որ կարող եք անել միասին` երեկոյան ժամադրությունից սկսած մինչև մեկշաբաթյա արձակուրդ: Իսկ այժմ փորձիր ավելի անաչառ լինել. նա հավանաբար փորձել է, իսկ դու հավանաբար նրան լռեցրել ես: «Սովորաբար, երբ զույգից որևէ մեկը բողոքում է թե կողակիցը նախաձեռնող չէ, դա իր նախապատմությունն ունի. իրականում կողակիցը նախկինում նման քայլեր արել է, սակայն նրան չեն ոգևորել,- ասում է հարաբերությունների փորձագետ Ալեն Բերգերը: – Բանն այն է, որ դու ցանկանում ես անել միայն այն բաները, որոնք դու ես կազմակերպում կամ քո վերահսկողության տակ են:

Եվ բնական է, որ տղամարդը նման պայմաններում պասիվ է դառնում»: Փոխիր այս մոտեցումը՝ վերանայելով այն առաջարկները, որոնք նախկինում անտեսել ես, օրինակ՝ միասին ձկնորսության գնալու նրա առաջարկը: Հենց նկատի, որ բաց ես նման գաղափարների համար, ինքն էլ քայլեր կձեռնարկի:

Նա ծուլանում է անկողնում

Երբ տղամարդը գիտի՝ ինչպես օրգազմի հասցնել քեզ և 100%-ով համոզված է, որ սիրում ես իրեն նույնիսկ իր թերություններով հանդերձ, նա կարող է այլևս չմտածել անկողնում քեզ հրապուրելու մասին: «Ստեղծիր այնպիսի իրավիճակներ, որ նա փոխի արդեն ավանդական մոտեցումները, ասենք՝ սիրով զբաղվեք անսպասելի մի վայրում, օրինակ՝ խոհանոցի հատակին. այսկերպ նրա համար նոր իրավիճակ ես ստեղծում, ինչը ստիպում է նրան գործել իրավիճակին համապատասխան»,- ասում է Բերգերը: Եթե դադարել է հետևել իր արտաքինին, մի՛ վախեցիր խոսել այդ մասին: Ասա, որ քեզ դուր է գալիս, երբ նա թարմ և մաքուր տեսք ունի և որ այդպես նա սարսափելի սեքսուալ է:

Ծննդյանդ օրվա առիթով նա քեզ բռնիչ է նվիրում

Իհարկե, հրաշալի կլիներ, եթե քո տարեդարձն ու մյուս բոլոր տոները ընկերդ կազմակերպեր հենց այնպես, ինչպես ինքդ կանեիր: Բայց նաև հրաշալի կլիներ, եթե մենք Բիյոնսեն լինեինք… մոտավորապես այսպիսի անհեթեթություն: Ուրեմն նման մտքերի փոխարեն ավելի լավ է նրան հուշումներ տալ: Ռոմանտիկ չի՞ հնչում: Հակառակը: «Դա իրականում սիրո ժեստ է,- ասում է Բերգերը.- չէ՞ որ տղամարդն այսկերպ հոգում է քո մասին»: Տարեդարձիցդ մեկ շաբաթ առաջ ասա, որ մի քանի ցանկություն ունես և երջանիկ կլինեիր, եթե նա դրանք կյանքի կոչեր: Այսպես ավելի արդար է, քան հետո նվեր ստացած «բռնիչի» համար անիմաստ վիճելը:

Նրանցից ո՞վ է Էլենը

Իհարկե, քո ընկերները նրան դուր են գալիս, սակայն նա նույնքան ջանք է գործադրում նրանց հետ ժամանակ անցկացնելու կամ նրանց ավելի լավ ճանաչելու համար, որքան դու՝ իր ընկերների հետ: «Կանայք սովորաբար շփման հարցում ավելի ճկուն են, քան տղամարդիկ,- ասում են փորձագետները: – Կանանց արձագանքման համակարգն ավելի լավ է զարգացած, և մեծ խմբում նրանք իրենց ավելի հանգիստ են զգում, եթե նույնիսկ շրջապատին այնքան էլ ծանոթ չեն»: Տղամարդիկ` ոչ:

«Սառույցը հալեցնելու համար հրավիրիր նրան միանալ քեզ ու ընկերներիդ այնպիսի մի վայրում, որտեղ նա իրեն հարմարավետ կզգա, օրինակ՝ ֆուտբոլ դիտելու,- խորհուրդ է տալիս Բերգերը: – Երբ տղամարդիկ գտնվում են իրենց հոգեհարազատ միջավայրում, մտերմանալն ինքնաբերաբար ստացվում է»:

Նա ավելի շուտ սովամահ կլինի, քան որևէ բան կպատրաստի

Նա գնահատում է քո խոհարարական հմտությունները, սակայն նույն հաճույքով ուտում է նաև սառը խորտիկներ: Փաստորեն, նրան խոհարարության դրդելու պատճառներն այնքան էլ համոզիչ չեն, բացի այդ, նրա մոտ կա ինքնավստահության պակաս: Տղամարդիկ, առհասարակ, վախ ունեն խոհանոցի հանդեպ: Սկսիր փոքր քայլերից. խնդրիր նրան մթերք գնել: Եթե բերել է պանրի ոչ այն տեսակը, որն ուզել էիր, պատմություն մի՛ սարքիր դրանից: Հակառակ պարագայում նա այլևս երբեք կաթնամթերքի բաժնին մոտ չի գնա (կատակում ենք… բայց արժե նրբանկատ լինել): Հենց սննդամթերք ընտրելու փուլը հաղթահարի, խնդրիր նրան օգնել քեզ ուտելիք պատրաստելիս: Եվ չմոռանաս ասել, որ նա խոհարարական մեծ երևակայություն ունի, և որ դեմ չէիր լինի փորձել նրա պատրաստած ուտեստը:
cosmo.am