Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Կարլեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց Նոր Նորքի 4 զանգվածի բնակարանում ալկոհոլային հարբածության վիճակում ծեծի է ենթարկել կնոջը` Արփինե Հ.-ին, պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Դրանից հետո խմիչքի ազդեցության տակ, նա իրենց բնակարանից վերցրել է խոհանոցային դանակը, դուրս է եկել բնակարանից եւ հասնելով Նոր Նորքի 7 զանգվածում գտնվող «Պիոներ Պալատ»-ին հարող տարածք, ինքնասպանություն կատարելու նպատակով հագուստները բարձրացրել է եւ դանակով հարվածել է իր որովայնի ձախ շրջանին՝ ինքն իրեն պատճառելով ծակած կտրած թափանցող վերքի ձեւով ծանր մարմնական վնասվածք:

Կարլեն Խաչատրյանը դիմել է ոստիկանության Նոր Նորք բաժնին եւ հանցագործության վերաբերյալ գրավոր հաղորդում տվել, որ իբր Նորքի 7 զանգվածում Ավետիսյան եւ Դավիթ Բեկի խաչմերուկում վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է իր որովայնի շրջանին եւ դիմել փախուստի:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 333 հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել մայիսի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

news.am