«Ես լարվածություն էի զգում, բայց շնորհակալ եմ խաղընկերներիս, որ օգնեցին ինձ խփել 23-րդ գոլը: Շնորհավորում եմ նաև երկրպագուներին և բոլորին, ովքեր ակնկալում էին այդ գոլը:

Խաղից առաջ մարզիչն ինձ հանձնարարեց 11 մետրանոցի իրացումը` այն նշանակվելու դեպքում: Երբ մրցավարը 11 մետրանոց նշանակեց, ես խնդրեցի Դարիոյին իրացնել այն, բայց նա մերժեց ինձ. շնորհակալ եմ նրան:

Ես փորձում եմ չկենտրոնանալ թվերի վրա: Այդպես շատ բարդ է լինում: Անչափ մեծ է պատասխանատվությունը: Առաջին խաղակեսում, օրինակ, ես 3 գոլային պահ ունեցա: Սակայն չկարողացա իրացնել այն` գոլ խփելու մեծ ցանկության պատճառով:

Շատ հաճելի էր, երբ զգացի, որ խաղընկերներս ինձնից շատ են ուրախացել: Սա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի ռեկորդն է: Աստված տա, որ առաջիկա երկու հանդիպումներում կարողանամ ավելացնել նվաճումներս:

Զգացի, որ ռեկորդակիր եմ նաև այն ժամանակ, երբ խաղից հետո հանդերձարան եկա և նայեցի հեռախոսիս: Բայց դեռ ոչ ոքի չեմ հասցրել պատասխանել»,- կատակեց և իր խոսքն ավարտեց Հենրիխ Մխիթարյանը:
1in.am