Ինչպես արդեն բոլորը գիտեն, «ՀայՌուսգազարդը» պատրաստվում է կամ առաջարկում է գազը թանկացնել 67 տոկոսով: Սա աննախադեպ թանկացում է, որը ընտրություններում իշխանությունների համար բարեհաջող ցիկլից հետո սառը ջրի նման լցվում է հասարակության գլխին: Այստեղ, իհարկե, հարցերը բազում են, սակայն վարչապետը արել է մի հայտարարություն, որի դեպքում նորմալ երկրներում, նորմալ, կայացած հասարակարգերում և քաղաքական ու պետական կառավարման համակարգերում պարզապես հրաժարական են տալիս ամբողջ իշխանությամբ, որովհետև փաստորեն պարզվում է մի սուտ, որը իշխանությունը ժողովրդին էր հայտնում ամիսներ շարունակ:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ բոլորին է հայտնի՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 100 խմ-ը 270 դոլարով՝ սահմանի վրա: Ի՞նչն է այս հայտարարության մեջ արտառոց: Արտառոց է այն, որ այս մասին բոլորը չգիտեին, այս մասին բոլորը նոր են իմանում, իսկ գիտեին մի քանի մարդիկ, որոնք հասարակության հարցադրումներին ի պատասխան՝ համառորեն հայտարարում էին, որ գազի գինը չի փոխվել, և Ռուսաստանի հետ այս հարցով բանակցություններ են անցկացվում, որոնք դեռ ավարտված չեն:

Բազմաթիվ անգամներ լրագրողները փորձել են, մասնավորապես, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից ճշտել, թե ինչ վիճակ է գազի գնի հարցում, թե ինչով պայմանավորել, ինչպես բացատրել մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ ՊԵԿ-ի տվյալներով գազն արդեն իսկ թանկացել է սահմանի վրա, սակայն Մովսիսյանը մի պատասխան է տվել՝ գազը չի թանկացել, և բանակցությունները շարունակվում են:

Հիմա փաստորեն պարզվում է, որ Մովսիսյանը ստել է: Ստել է, անգամ եթե տեղյակ չի եղել թանկացումից, որովհետև եթե տեղյակ չէ, ապա կարող էր ասել, որ տեղյակ չէ: Մինչդեռ նա ասել է, որ թանկացում չկա, և բանակցությունները շարունակվում են: Ընդ որում՝ Մովսիսյանն այդ մասին ասել է մի քանի անգամ և հրապարակավ, այսինքն՝ դա անկասկած պետք է որ լսած լինեին կառավարության և իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պարզվում է՝ գիտեին, որ գազի գինը 270 դոլար է, սակայն ևս լռում էին և թույլ էին տալիս, որ Մովսիսյանը ստի:

Արմեն Մովսիսյանը, որն իր պաշտոնավարման ընթացքում հայտնի դարձավ միայն խորհրդարանում շարիկ գլորելով, ըստ երևույթին դրանով է զբաղված եղել իր պաշտոնավարման վերջին շրջանի ողջ ընթացքում, եթե չգիտեր, որ գազը թանկացել է: Ի դեպ, նույն հարցին նույն կերպ են պատասխանել նաև այլ պաշտոնյաներ, այլ գերատեսչություններ՝ հավաստիացնելով, որ գազի գնի շուրջ բանակցությունները ընթանում են, և ոչ մի փոփոխություն չկա: Բանակցությունների ավարտի և նոր գնի մասին այդպես էլ ոչինչ չի հայտարարվել:

Արդյունքում ստացվում է, որ իշխանությունը ամիսներ շարունակ խաբել է հասարակությանը, ստել է՝ ընտրական նպատակներով նրանից թաքցնելով ճշմարտությունը: Իշխանական ամենաբարձր մակարդակով մատուցվող սուտը ամենամեծ վտանգն է, որ կարող է երբևէ լինել որևէ երկրի, որևէ հասարակության, պետության կյանքում, եթե այդ սուտը չի ենթարկվում պատասխանատվության, եթե հասարակությունը ստի համար պատասխանատվություն չի պահանջում իշխանությունից: Այդ դեպքում սուտը դառնում է հասարակական նորմ, և բոլորն են սկսում բոլորին խաբել:

Հայաստանում երևի թե վաղուց արդեն այդ վիճակն է, ինչից էլ բխում են մնացյալ բոլոր քաղաքական, իրավական, սոցիալական և մշակութային խնդիրները՝ սուտը դարձել է նորմ, որով էլ կործանվում է պետությունը:

1in.am