Ընկերուհիս սկսեց ջանքեր գործադրել ու նրան ի վերջո հաջողվեց ինձ տնից դուրս հանել: Դե իհարկե, իմ ֆիլմ դիտելն անցավ «պատմության գիրկը»:
Մոտավորապես 10 հոգի էինք: Հավաքվել էինք մեր ընկերներից մեկի տանն ու «բլիբել» էինք խաղում: Լսվեց դռան զանգն, ու ներս մտավ բավական հետաքրքիր արտաքինով մի երիտասարդ: Նա առանձնանում էր իր ակտիվությամբ և, ինչ մեղքս թաքցնեմ, յուրահատուկ հմայքով: Զգացի, որ հայացքս անընդհատ փնտրում է նրան, սակայն նույնը նրա մասին չէի կարող ասել: Երկու օր անց մենք նորից հանդիպեցինք ընկերներով. երիտասարդը նույնպես այնտեղ էր: Այս անգամ նա նստեց կողքիս, ու մենք ողջ երեկո զրուցեցինք, իսկ վերջում առաջարկեց ինձ տուն ուղեկցել: Ես բնականաբար, չմերժեցի:
Այդպես սկսվեց մեր շփումը: Նա անսահման ուշադիր էր, հետաքրքիր զրուցակից ու բրուտալ տղամարդ: Ճիշտ իմ ճաշակով և իմ նախասիրություններին համապատասխան: Երկու ամիս մենք գրեթե ամեն օր հանդիպում էինք, բոլորը մեզ ընկալում էին որպես զույգ, ու, անկեղծ ասած, ես հասցրել էի մինչև ականջներիս ծայրը սիրահարվել նրան: Նույնը զգում էի նաև նրա կողմից, սակայն ամեն ինչ շարունակում էր մնալ զգայական մակարդակի վրա, ու այդ սահմանը չէինք անցնում: Ավելի ճիշտ՝ անցնում էինք միայն փողոց անցնելիս, երբ նա բռնում էր ձեռքս, որ հանկարծ մեքենայի տակ չընկնեի: Երկու անգամ նույնիսկ փորձել եմ խոսակցություն սկսել մեր հարաբերությունների մասին, բայց նա հմտորեն շրջանցում էր թեման: Ես իսկապես չգիտեի՝ ինչ անել նման իրավիճակում: Զանգեցի հոգեբանիս ու խնդրեցի ընդունել ինձ:
Առաջին հերթին ուզում էի հասկանալ, թե որն է տղամարդկանց անվճռականության պատճառը: Պարզվում է, որ տղամարդիկ, ինչպես և մենք, ունեն իրենց վախերն ու բարդույթները հարաբերություններ կառուցելիս: Ինչպես մեզ, այնպես էլ տղամարդկանց համար դժվար է կատարել առաջին քայլը: Նրանք նույնպես հաճախ դժգոհ են լինում իրենց արտաքինից, իրենց ֆիզիկական տվյալներից: Բացի այդ, նրանց նյութական վիճակն ավելի մեծ դեր է խաղում ինքնավստահության հարցում, հատկապես երբ իրենց դուր եկած աղջիկը կայացած և ինքնավստահ անձնավորություն է:
Ըստ հոգեբանի՝ մեր հարաբերությունների սկիզբը շատ սահուն զարգացել է մինչև որոշակի փուլ, որտեղից կա՛մ հարաբերություններն ավելի են զարգանում, կա՛մ ամեն ինչ գնում է խզման: Այս ամենն իսկապես կարող է էական դեր խաղալ հարաբերություններում’ խոչընդոտելով դրանց զարգացումը: Անցնել թույլատրելիի սահմանը և քայլ կատարել դեպի ինտիմ հարաբերություններ հեշտ չէ, հատկապես եթե ընկերական հարաբերությունները շարունակվում են երկար ժամանակ:
Հոգեբանն ինձ խորհուրդ տվեց օգնել նրան, խոսել այս հարցի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքի մասին: Նա ասաց, որ եթե ամուսնությունից առաջ ինտիմ հարաբերություններ ունենալը դեմ չէ իմ սկզբունքներին, լինեմ նախաձեռնող, սակայն չափի մեջ, առանց որևէ բան նրան պարտադրելու կամ ճնշում գործադրելու: Հանկարծակի հպումը կամ բազմանշանակ հայացքը համապատասխան պահին շատ ավելի ինֆորմատիվ են, քան խոսքերը:
-Թող նա զգա քո ցանկությունը, բայց շարունակիր լինել «անմատչելի»:
Երեկոյան մենք նորից հանդիպեցինք ու երկար զբոսնեցինք: Երբ հերթական անգամ նա ինձ «փողոցն էր անցկացնում», ես ամուր բռնեցի նրա ձեռքը ու փողոցը հատելուց հետո բաց չթողեցի: Նա նայեց ինձ, իսկ ես, ի պատասխան, ժպտացի: Նա ամուր սեղմեց ձեռքս, ու մենք ողջ երեկո այդպես զբոսնեցինք: Տուն ճանապարհելիս ես սպասում էի, որ նա կհամբուրի ինձ, սակայն դա տեղի չունեցավ. նա ընդամենը ամուր գրկեց ինձ: Օրեցօր ես ավելի ու ավելի էի կապվում նրա հետ, ու արդեն նույնիսկ նրանից մի քանի ժամով բաժանվելն անտանելի էր դառնում: Ես նորից դիմեցի հոգեբանին. այդպես շարունակվել չէր կարող:
-Տղամարդու համար ֆինանսական կայունությունը շատ կարևոր է, և դրա բացակայությունն իսկապես խնդիր կարող է լինել. սեփական տուն ունենալ, մեքենա գնել, կարիերա կառուցել, ապա միայն մտածել լուրջ հարաբերությունների մասին: Կարելի է քննարկել նրա հետ այդ ամենը, և եթե դու պատրաստ ես կիսելու նրա նյութական հոգսերը, քեզ բավարարում է այն, ինչ նա կարող է առաջարկել հենց հիմա, խոսիր քո դիրքորոշման մասին: Բայց կրկին խորհուրդ կտամ օգտագործել անուղղակի եղանակը՝ հասկացնելով, որ քեզ համար ավելի կարևոր է մարդու ներուժը և ավելի գնահատելի է այն, ինչ դուք կստեղծեք համատեղ:
Ես նրան կանչեցի «տետ-ա-տետ» հանդիպման և ուղղակիորեն սկսեցի խոսել մեր մասին: Դա նրա համար շատ անսպասելի էր, և այդ անակնկալ խոսակցությունից մի տեսակ փոքրացավ, խեղճացավ, իսկ ես ևս մեկ անգամ զգացի, թե որքան եմ սիրում նրան: Ես դեռ չէի ավարտել խոսքս, երբ այդ ընկճված տղամարդու կերպարը հօդս ցնդեց: Նա ինձ ամուր գրկեց ու սկսեց ագահորեն համբուրել: Ես դեմ չէի։
Մենք արդեն մեկ տարի է՝ հանդիպում ենք, և ես աշխատում եմ ամեն հարցում սիրելիիս օգնել ու միշտ հիշեցնում եմ, որ մենք, ամեն ինչից զատ, նաև ընկերներ ենք: Փորձում եմ միշտ աջակցել նրան, միասին հաղթահարել կյանքի փորձություններն ու մարտահրավերները:
Վերջերս նրան հարցրեցի, թե որն էր պատճառը, որ չէր բարձրաձայնում իր զգացմունքները: Նա ասաց, որ վախենում էր, թե չի կարողանա ապահովել ինձ այն ամենով, ինչի կարիքը ես կունենայի: Ես ոչինչ չասացի. ամուր գրկեցի նրան… Մենք ամեն ինչի կհասնենք միասին:
P.S. Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իմ կյանքի ամենաբարդ փուլերում, երբ ես չեմ կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, կա մեկը (բացի սիրելիիցս), ով միշտ պատրաստ է օգնել ինձ: Հոգեբանս, ինչպես միշտ, իրավացի էր: Նա օգնեց ինձ ճիշտ որոշում կայացնել, պայքարել երջանկությանս համար:
life.mediamall.am
Ինչի՞ց են վախենում տղամարդիկ ….
Comments are closed.