Բացի հանգստանալուց, Անին նաև զբաղվում էր քաղաքացիություն ստանալու հարցերով: Այժմ նա Երևանում է և պատրաստվում է նոր ուժերով անցնել գործի։
«Նոր առաջարկներ ունեմ, որոնց պատճառով էլ վերադարձա, բացի դրանից` պետք է նեկայացման փորձերի մասնակցեմ»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Անին: Դերասանուհին չցանկացավ մանրամասնել նոր առաջարկները, քանի որ դեռ իր համաձայնությունը չի տվել, միայն նշեց, որ դրանք կապ ունեն իր մասնագիտության հետ:
Ինչպես Անին է ասում, տևական դադարը նրան հանգստանալու և մտքերն իմի բերելու համար էր. «Հինգ տարի առանց դադարի աշխատելը շատ դժվար էր, իսկ սերիալն այնպիսի բան է, որ հեռուստադիտողն իրավունք չունի տեսնել, որ դու հոգնած ես, չես քնել: Բնականաբար այդ ամենից հետո հանգստանալու կարիք կար և բացի դրանից պետք է հնարավորություն տալ նաև նոր սերնդի ներկայացուցիչներին, որ նրանք էլ կարողանան փորձել իրենց ուժերն ու առաջ գնան»,-նշեց Անին:
Դերասանուհին այն երջանիկներից է, ում սերիալի ավարտից հետո չեն մոռացել. «Փառք Աստծո անգամ Մոսկվայում ինձ գրում էին սոցիալական ցանցերում: Կա հեռուստադիտողների մի մաս, որն ինձ սիրում է ու սպասում»: «Գեներալի աղջիկը» սերիալում Նարեի կերպարը դրական ու բարի էր, բայց այսօր Անին իր կերպարում զանազանություն է փնտրում. «Ես որպես դերասան շատ եմ ուզում, որ ժողովուրդն ինձ տեսնի այլ դերում, ինքս էլ եմ ցանկանում ինձ տեսնել ուրիշ կերպարում: Կարծում եմ` դերասանի համար զանազանությունը ճիշտ է»:
Չնայած որ Անիին դուր է գալիս դերերի բազմազանությունը, սակայն բաց տեսարաններում չի համաձայնվի նկարահանվել. «Եթե դերասանը պրոֆեսիոնալ է, նրա համար չպետք է լինի բաց տեսարաններում նկարահանվելու խթան, բայց, ցավոք, մեր երկրում դեռ լավ չեն ընկալում և ընդունում այդ ամենը: Ու չեմ կարծում, որ մեր ռեժիսորները կարողանում են ճիշտ մատուցել այդ տեսարանները: Կոնկրետ ես դեռ պատրաստ չեմ բաց տեսարաններում նկարահանվել»,-պարզաբանեց զրուցակիցս:
Անին հետևում է իր նախկին անձնակազմի նկարած նոր «Քույրը» հեռուսասերիալին. «Ես հինգ տարի ապրել եմ այդ մարդկանց հետ, և մինչ օրս շարունակում եմ շփվել նրանց հետ, երբեմն էլ գնում են նրանց նկարահանման հրապարակ, հետևում եմ նրանց արած գործին»: Իսկ խոսելով սերիալի գլխավոր հերոսուհու` Աննա Մովսիսյանի մասին, Անին ասաց. «Շատ լավ արտաքինով աղջիկ է, նոր սկսնակ դերասանուհի է, ում տվել են հնարավորություն իրեն բացահայտելու, առաջ գնալու: Իհակե բոլորս էլ թերություններ ունեցել ենք, սակայն մեր ռեժիսորը մեզ հետ այնպես է աշխատել, որ դրանք շտկվել են, և մենք ավելի ենք հմտացել: Իմ կարծիքով` Աննային սիրում են, ես էլ եմ հավանում նրան»:
Այն խոսակցություններին, թե Աննան փոխարինելու եկավ Անիին, դերասանուհին տվեց իր պատասխանը. «Անի Երանյանին փոխարինող չի եկել, Անի Երանյանին փոխարինող չի լինի, ոչ թե նրա համար, որ Անի Երանյանը շատ լավն է, կամ անփոխարինելի, պարզապես ես ունեմ իր տեղը, իսկ Աննան` իր հեռուստադիտողը: Հաջողության հասնելը կախված է նրանից, ես կարծում եմ նա կկարողանա և աստված տա Անի Երանյանի հաջողությունից կրկնակի ունենա»:
Իր անձնականի մասին խոսելիս Անին նշեց, որ սկզբում այն շատ բացահայտ էր հեռուստադիտողների համար, հետո հասկացավ, որ այդ անկեղծությունը շահագործվում է. «Հիմա էլ չեմ ուզում խոսել դրա մասին, բայց այսպես ասեմ, եթե ինչ-որ մեկը կկարողանա Մոսոյի սիրտը գրավել, ես շատ ուրախ կլինեմ»,- վերջում էլ ծիծաղելով ավելացրեց. «Իսկ եթե իմ սիրտը գրավեն` ավելի լավ, չնայած որ սիրտս գրավելը հեշտ չէ»:
haynews.am