Ես մե՛կ բղավում էի, մե՛կ ծիծաղում, մե՛կ արտասվում… Նրա փոխարեն վաղուց ինձանից ազատված կլինեի: Օրինակ` ես նրան կարող էի ասել, որ ուզում եմ մենակ մնալ, և երբ նա ինձ մենակ էր թողնում, ես սկսում էի մեղադրել նրան անտարբերության մեջ…

Մի քանի ամիս առաջ այդ նույն նախադաշտանային սինդրոմի պատճառով քիչ էր մնում կորցնեի մտերիմ ընկերուհուս ու սիրելիիս միաժամանակ:
Նրանք արդեն սովորել էին տանել իմ «ոչ ամուր» նյարդերն ու քմահաճույքներն այդ օրերին: Աշխատում էին ինձ շատ լուրջ չընկալել ու չկենտրոնանալ խոսքերիս վրա, հակառակ դեպքում՝ վեճն ապահովված էր…

Այդ օրը ես արդեն հասցրել էի կռվել մայրիկիս հետ, հասցրել էի նաև արցունքն աչքերիս ներողություն խնդրել, որովհետև հասկանում էի, որ անտեղի եմ նեղացրել նրան: Բնականաբար, այդքանից հետո տրամադրությունս սարսափելի էր, և դա գրված էր դեմքիս:

– Ինչո՞ւ ես «հոտել»,- հարցրեց ընկերուհիս:

– Չեմ «հոտել»:

– Գնա, նայիր հայելու մեջ ու կրկնիր վերջին նախադասությունդ:

– Հայելին չի դիմանա, կճաքի…

Նրանք երկուսով սկսեցին ծիծաղել ընկերոջս ասած այս հիմարության վրա, ու այդտեղ սկսվեց…. աշխարհի բոլոր շներն ամուր կապված էին, քանի որ բեմահարթակին ես էի: Չէի մտածում՝ ինչ եմ ասում, ինչու եմ ասում: Ուշքի եկա միայն այն ժամանակ, երբ ընկերս վեր կացավ աթոռից ու, առանց որևէ բան ասելու, քայլեց դեպի դուռը: Ես չէի ուզում, որ նա գնար, բայց նրան կանգնեցնելու փոխարեն դարձա դեպի ընկերուհիս ու շատ հանգիստ ձայնով ասացի.

– Դու էլ գնա՛: Երկուսդ էլ գնացե՛ք:

Նրանք այդպես էլ արեցին: Ես դուռը շրխկացրի ու ընկա մահճակալիս` մի կուշտ լաց լինելու: Անցավ մի քանի ժամ: Հեռախոսս լուռ էր. նրանցից ոչ մեկն ինձ չէր զանգահարում: Հաջորդ առավոտյան ես զանգահարեցի ընկերուհուս: Նա չպատասխանեց: Նույնը և ընկերս: Չգիտեի՝ ինչ անել: Փորձում էի ինձ արդարացնելու ճանապարհներ գտնել, ու ինձ թվաց, թե գտել եմ հիանալի արդարացում. ինձ մոտ անձի երկատում է նկատվում նախադաշտանային շրջանում (ի դեպ, այս մտքերը ևս այդ շրջանում էին փայլատակել ուղեղումս):

Ես ինքս էլ սկսեցի հավատալ դրան, քանի որ ես իսկապես բոլորովին այլ մարդ էի դառնում: Ու դա ինձ խանգարում էր թե՛ մարդկանց, թե՛ ինքս ինձ հետ հարաբերություններում: Իսկ որպեսզի նրանք ևս հավատային ինձ, պետք էր, որ դա լիներ մասնագետի որոշում: Ես մեծ հույսերով գնացի հոգեբանի մոտ՝ հավատալով, որ նա կկարողանա ինձ ազատել այդ ախտից: Պատմեցի նրան իմ խնդրի մասին: Նա ժպտաց ու շատ հանգիստ ձայնով ասաց.

– Կարծում եմ՝ դու գիտես նախադաշտանային շրջանի արտահայտման երկու` ֆիզիոլոգիական և հոգեբանական տարբերակների մասին: Ֆիզիոլոգիական փոփոխությունները հայտնի են յուրաքանչյուր կնոջ:

Հոգեբանականը կապվում է դիսկոմֆորտի զգացողության հետ: Այդ ժամանակ կանայք չափազանց դյուրագրգիռ են դառնում ու նյարդային:

– Բայց ինձ մոտ ամեն ինչ շատ ավելի վատ է. ես այնքան նյարդային եմ դառնում, որ կարող եմ ասել կամ անել ինչ-որ բան և հետո միայն գիտակցել արարքիս անիմաստության ու հիմարության աստիճանը:

– Բոլոր կանայք, աղջիկները, մասնավորապես՝ դու, պիտի հասկանաս, որ այդ օրերին կնոջ նյարդայնությունը կապված է հենց նախադաշտանային սինդրոմի հետ: Եվ, թեև չեմ ուզում քեզ հիասթափեցնել, բայց ստիպված եմ ասել` դու բոլորովին էլ անձի երկատմամբ չես տառապում: Դու ընդամենը շատ սուր ես տանում այդ շրջանը: Այս ամենը բնական, կառավարելի երևույթներ են: Ճանաչիր քեզ ու վերահսկիր քո զգացմունքները, ու նաև սովորիր հաշվել մինչև տասը խոսելուց առաջ, որ հետո քեզ մեղավոր չզգաս արարքներիդ համար…

Ընկերուհուս հաղորդագրություն ուղարկեցի, որ հոգեբանի մոտ եմ գնացել: Նա անմիջապես զանգահարեց.

– Ինչո՞ւ, ինչ-որ բա՞ն է եղել:

– Հա՛, եղել է: Ես անընդհատ նեղացնում եմ իմ ամենասիրելի ու ամենաթանկ մարդկանց: Ու ես ինձ աշխարհի ամենավատ մարդն եմ զգում: Բայց ես կփոխվեմ, միայն ինձ հնարավորություն տվեք դա անել: Ես սովորում եմ հաշվել մինչև տասը…

Ընկերոջս հետ նույնպես հաշտվեցի: Մենք միասին մի քանի հոդված կարդացինք PMS-ի մասին, որ նա ավելի հստակ հասկանա, թե ինչ է տեղի ունենում կնոջ հետ այդ ընթացքում: Հիմա, երբ սովորական երևույթները սկսում են ազդել նյարդերիս վրա, «ներքին անվտանգությանս համակարգը» միանում է, ու ես սկսում եմ շատ զգույշ լինել և վերահսկել ինքս ինձ: Սկզբում դա այնքան էլ հեշտ չէր, և ես չէի մոռանում զգուշացնել մտերիմներիս, որ վտանգավոր շրջանը սկսվել է:
Մի քանի ամսվա «թրեյնինգներից» հետո ինձ հաջողվեց հաղթահարել նյարդայնությունս ու ոչ ադեկվատ վարքագիծս: Հիմա ավելի քիչ եմ նեղացնում հարազատներիս և ավելի հաճախ ժպտում:
cosmo.am