Տղամարդկանցից ոչ պակաս

Թեև ավելի տարածված է այն կարծիքը, որ ամուսնությունից հիմնականում վախենում (որոշ դեպքերում` սարսափում) են տղամարդիկ, կանայք այդքան էլ չեն զիջում նրանց այս հարցում:

Արդեն հարսանեկան զգեստը գնված է, հյուրերը հրավիրված են, իսկ հարսնացուն ընկել է կասկածների մեջ: «Հիշում եմ՝ հարսանիքիցս 3 օր առաջ այնպիսի խառնաշփոթ էր գլխումս, որ ոչնչի վրա չէի կարողանում կենտրոնանալ, դեռևս կիսատ կազմակերպական հարցերն էլ ավելի մեծ սթրեսի մեջ էին գցում: Անընդհատ վիճում էի փեսացուիս հետ, իսկ գիշերներն՝ ահավոր երազներ տեսնում»,- պատմում է 29-ամյաԱննան, ով, այնուամենայնիվ, հաղթահարել է այդ «դաժան» օրերը ու մի լավ շունչ քաշել հարսանիքից հետո:

«Հարսանիքի նախապատրաստական ողջ ծանրությունը, կարելի է ասել, ընկած էր իմ և փեսացուիս ուսերին: Այնքան զբաղված էինք, որ նման կասկածների ու սթրեսների ժամանակ պարզապես չկար, բայց, միևնույն է, շատ էի անհանգստանում և բազմաթիվ անքուն գիշերներ եմ անցկացրել»,- կիսվում է 25-ամյա Անահիտը:

Սթրեսը սկսվում է կտրուկ փոփոխության մտքից

Cosmo-ի հոգեբան Տաթև Աղաբեկյանը նշում է, որ ամուսնությունն առաջին հերթին շատ մեծ հոգեբանական սթրես է, քանի որ կապված է կյանքի պայմանների կտրուկ փոփոխության հետ. «Անհատն իրեն սովորական դարձած միջավայրից կտրվում, ընկնում է բոլորովին նոր միջավայր: Մինչդեռ նա ունի արդեն ձևավորված պատրաստի վարքային մոդելներ, կենսակերպ ու ստիպված է հարմարվել նոր պայմաններին, նոր ընտանիքում ընդունված կարգերին: Այս ամենն է, որ առաջացնում է վախ, տագնապ ու անհանգստություն»:

Վախերի պատճառ կարող է լինել նաև սեռական կյանքում տեղի ունեցող լուրջ շրջադարձը. «Նույնիսկ մինչամուսնական հարաբերությունների դեպքում նման խնդիր կարող է առաջանալ, քանի որ սեռական առումով իրար հարմարվելու համար պետք է մոտ մեկուկես (կամ ավել) տարի, իսկ ամուսնությունից հետո հարաբերությունների բնականոն զարգացման համար սեռական կյանքը կենսական կարևորություն ունի»,- ավելացնում է հոգեբանը:

Նա՞… վերջի՞նը…

Ամուսնությունն աղջիկների մոտ ասոցացվում է վերջնական ընտրություն անելու հետ. ոչ մի զույգ ամուսնանալուց առաջ չի կարծում, որ կարող է և սխալվել, իսկ հետո բաժանվել ու գտնել մեկ ուրիշին: Այստեղ էլ գալիս է «Արդյոք ճի՞շտ եմ ընտրել» հարցը:
Վիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ սկսում ես գիտակցել՝ սա անդառնալի քայլ է, և դու չես կարողանալու փոխել դեպքերի ընթացքը կամ հետ տալ ժամանակը:

Որպեսզի չվախենաս

Մինչ շուրջդ խառնաշփոթ է ու մեկը մյուսի հետևից ծագող հարցեր ու խնդիրներ, աշխատիր ուղղակի հանգստանալ. եթե որոշումդ կայացրել ես գիտակցաբար և առանց ճնշման, ուրեմն ամեն ինչ ճիշտ է գնում: Ուղղակի մի կողմ դիր կասկածներդ ու վստահիր ապագա ամուսնուդ:

Cosmo-ի հոգեբանի խորհուրդը. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 60 հավանական տարբերակներից միայն մեկի դեպքում են ձևավորվում այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են հանգեցնել ամուսնության: Իսկ եթե ձեր հարաբերություններն այնքան են խորացել, որ արդեն պատրաստվում եք հարսանիքի, ուրեմն ձեզ մոտ համապատասխանությունը բարձր է, և դու գտել ես քո «ասպետին»: Այսինքն՝ պետք չէ վախենալ, թե սխալ ընտրություն ես արել։ Ինչ վերաբերում է նոր պայմաններին հարմարվելու խնդրին, ապա դա ժամանակի հարց է, եթե հոգեբանորեն տրամադրված լինես և բաց՝ նոր տեղեկությունների համար»:

PS Ու, որպես ոչ միայն հեղինակ, այլև կին, ով ընդամենը մեկ ամիս առաջ է անցել այս հաճելի խառնաշփոթի միջով, խորհուրդ եմ տալիս միայն մեկ բան. հարսանիքի ընթացքում լինելու են շատ ու շատ անմոռանալի պահեր, որոնք իսկապես վայելելու համար պետք է մի կողմ դնել լարվածությունը. չէ՞ որ ի վերջո դա քո օրն է, քո ԵՐՋԱՆԻԿ ու ԱՆՄՈՌԱՆԱԼԻ օրը։
cosmo.am