45-ամյա Կարեն Սենեքերիմյանը մեղավոր է ճանաչվել ալկոհոլ օգտագործած վիճակում դիտավորյալ սպանություն գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նախկինում երկու անգամ ամուսնալուծված Կարենը բնակվել է մոր ու եղբոր հետ, չարաշահել խմիչքը, ալկոհոլի ազդեցության տակ մորը մեղադրել իր չստացված ընտանեկան կյանքի համար:

Հերթական վիճաբանության ժամանակ՝ 2013 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Կարենը հրել, բետոնե հատակին է գցել 1938 թվականին ծնված մորը, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, երկու ձեռքերով սեղմել պարանոցը, հարվածել գլխին:

Բազմաթիվ վնասվածքների, կոտրվածքների, գլխուղեղի կենսականորեն կարևոր ֆունկցիաների սուր խանգարման, մեխանիկական շնչահեղձության արդյունքում տուժողը մահացել է:

Դատարանում Կարեն Սենեքերիմյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ նրա հարազատները ցուցմունք են տվել, որ տուժողը շատ բարի կին էր, անսահման սիրում էր իր զավակներին ու որևէ կերպ չէր խանգարել նրանց՝ անձնական կյանքը կարգավորելու հարցում:

Կարեն Սենեքերիմյանը ճանաչվել է մեղսունակ:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ Սենեքերիմյանի ժառանգականությունը բարդացած է. նրա հայրն ու պապը չարաշահել են ալկոհոլը: Կարենի ամուսնալուծությունների պատճառն էլ եղել է նրա կողմից վերջին 10-15 տարիներին ալկոհոլի չարաշահումը:

Փորձաքննվողը, ըստ մասնագետների, տառապում է հոգեկան և վարքային խանգարումներով՝ ալկոհոլի գործածման հետևանքով: Ունի կախվածության համախտանիշ:

Ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Սենեքերիմյանին մեղավոր է ճանաչել իր հարազատ մոր սպանության համար և դատապարտել է 11 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից:
1in.am