Քիչ էր մնում մենք քեզ խորհուրդ տայինք սովորել փլավ պատրաստելու երեսուն տարբեր եղանակներ, անթերի արդուկել շապիկներ եւ վարպետորեն կապել փողկապներ… Սակայն հետո գտանք, որ անձամբ դու այդ կենցաղային խորհուրդներից ոչ գործնական, ոչ բարոյական բավարարություն չես ստանա: Ամուսնության պատրաստվող ժամանակակից աղջկա համար այժմեական են այլ հարցեր. ինչպե՞ս լիուլի օգտվել ազատությունից, որպեսզի հետո, երբ մատանին դրած լինի մատիդ, իսկ հանդիսավոր երդումները տրված լինեն, չզղջաս բաց թողնված հնարավորությունների համար: Եվ այսպես…

Մազերդ կտրիր «տղայական սանրվածքի» պես

Ավելի լավ կլինի սրտիդ ուզած չափով արտաքին տեսքդ կտրուկ փոփոխությունների ենթարկես նախքան հորիզոնում ամուսնուդ հայտնվելը: Դա միայն թվացյալ է, թե ես՝ իմ մարմինը, ինչպես ուզեմ, այնպես էլ կվարվեմ հետը: Գործնականում ստիպված ես լինելու յուրաքանչյուր հեղափոխական beauty-էքսպերիմենտ համաձայնեցնել ամուսնուդ հետ: Իսկ տղամարդիկ ահավոր պահպանողական են և իրենց կանանց իմիջի կտրուկ փոփոխությանը վերաբերվում են զգուշավորությամբ: Նույնիսկ չեն թողնում կտրել ճակատի մազափունջը, էլ չասած մազերի ուլտրակարճ կտրվածքի մասին, որը նրանց հատկապես դուր չի գալիս:

Ապրիր արտասահմանում

Լավագույն տարբերակը՝ որպես ուսանողուհի: Ներկայում, երբ մեկ «տկլոր» բարձրագույն կրթությունը գրեթե ոչ մի արժեք չունի, կարևոր է ամրապնդել այդ կրթությունը, օրինակ՝ որակավորման բարձրացման դասընթացի դիպլոմի կամ Սորբոնի համալսարանի ամառային ծրագրի մասնակցի հավաստագրի միջոցով: Իսկ սովորելու համար արտերկիր «պոկվելն» ավելի հեշտ է, երբ հայրենիքում չես թողնում «որբուկ» ամուսնուդ:

Զբաղվիր սուախիլիով

Կամ մաքրամեով: Կամ սովորիր Linux: Եվ թող նա, ով պատրաստվում է ամուսնանալ քեզ հետ, նախօրոք իմանա, որ ամեն շաբաթ օր, 17:30-19:30 դու տրվում ես սիրելի զբաղմունքիդ՝ քո նման խենթերի շրջապատում: Եվ որ դա քմահաճույք չէ, այլ դժվարին աշխատանք, որը հիացմունքի է արժանի, և որի համար դու պետք է ունենաս անձնական օգտագործման ժամանակ և տարածություն: Փորձեն միայն նրանք ոտնձգություն անել և խնդրել քեզ՝ կարկատել գուլպան, երբ դու ընկղմված ես անկանոն բայերի աշխարհում կամ սիրելի օպերացիոն համակարգի համար տվյալների նոր բազաներ ես ներբեռնում:

Գտիր տղամարդ ընկեր

Բացառապես շփման, փոխօգնության, միասին միջոցառումների գնալու համար. մի խոսքով՝ այն ամենի, ինչի համար էլ ստեղծվել է ընկերությունը: Առանց ռոմանտիկայի ու սեքսի անգամ ակնարկի: Լավ կլինի, եթե ապագա ամուսինդ ըմբռնումով մոտենա ձեր ընկերական միությանը: Սակայն պատահում են այնպիսի խանդոտներ, ում դժվար է համոզել, որ նման հարաբերություններն անմեղ են: Վայելիր շփումը բոլոր նրանց հետ, ում հետ ուզում ես, քանի դեռ ազատորեն ճախրում ես: Մեկ էլ տեսար, ինչպես քո հոբբիի դեպքում, ընտրյալդ համակերպվեց քո մտերիմ ընկերոջ գոյության հետ, եթե նա քո կյանքում հայտնված լինի քո ամուսնուց շատ ավելի վաղ:

Օժիտ կուտակիր

Մենք չենք առաջարկում, որ դու անձամբ ասեղնագործես կիլոմետրերով ժանեկավոր անձեռոցիկներ եւ սփռոցներ: Բայց եթե հնարավորություն կա վաստակելու`վարկով գնելու, վիճակախաղով շահելու սեփական քառակուսի մետրերը, ապա գերադասելի է ընտրել հենց այդ տարբերակը: Դա կդառնա ապահովության գրավական. չէ՞ որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա (իսկ ամուսինների հետ, ցավոք, շատ անսպասելի բաներ կարող են պատահել), դու չես մնա առանց տանիքի: Նախքան ամուսնությունը ձեռք բերված բաժնետոմսերը, արժեթղթերը, ավտոմեքենան, հողամասը և այլ արժեքները նույնպես ապահովագրում են քո ապագան և յուրօրինակ օժիտ են և ամրապնդում են ընտանիքում կնոջ դիրքը:

Առաջին ժամադրության ժամանակ զբաղվիր սեքսով

Փոքր-ինչ անբարոյական, բայց սարսափելի գրգռիչ արկածը մի գրեթե անծանոթ տղամարդու հետ, ում դժվար թե երբևէ կրկին հանդիպես, ամուսնությունից առաջ ուղղակի անհրաժեշտություն է: Քո ձեռքի և սրտի տիրակալը լինելու հնարավոր թեկնածուի հետ սովորաբար մի քիչ անվայելուչ է իրականացնել սեփական սեքսուալ ֆանտազիաները: Իսկ «մի գիշերվա տղայի» հետ՝ ինչո՞ւ ոչ:

Ճամփորդիր զուգընկերոջդ հետ

Ո՞վ իմանա, թե ինչպես կանցնի քո մեղրամիսը, իսկ իդեալական ռոմանտիկ ուղևորության մասին հուշերը տարիներ շարունակ կջերմացնեն սիրտդ: Ի դեպ, նման ճանապարհորդությունը ամուսնության light-տարբերակն է. դու օրուգիշեր միասին ես լինում տղամարդու հետ, միասին եք պլանավորում ձեր ժամանցը, որոշում, թե որտեղ նախաճաշեք, որքան գումար ծախսեք նվերների համար, և ով առաջինը զբաղեցնի լոգարանը: Դու ստիպված կլինես հաշվի նստել զուգընկերոջդ կարծիքի հետ և գտնել փոխզիջումներ, սակայն միևնույն ժամանակ ձեռք կբերես զույգով հարաբերվելու անգնահատելի փորձ:
շարունակելի…
cosmo.am