Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Արտյոմ Մ-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առեւանգել են Աննային եւ Ռոբերտին, նրանց նկատմամբ բռնություն գործադրել, ատրճանակի գործադրմամբ սպառնացել, որ պատմեն իրենց կողմից չկատարված հանցանքի մասին: Այդ ընթացքում առանձնակի դաժանությամբ Աննա Ա.-ին ենթարկել են խոշտանգումների՝ վերջինիս պատճառելով ուժեղ ցավ, մարմնական եւ հոգեկան տառապանքներ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1,2,3,6 մասերով մարդ առեւանգելը (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ): Քրեական գործ է հարուցվել նաեւ 119 հոդվածի 2-րդ մասի 5,6 մասերով (Խոշտանգումը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձին դաժանությամբ): Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am