NEWS.am-ի տեղեկություններով, գիշերը` ժամը 00:50-ի սահմաններում հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել է տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին:

Վահան Հովհաննիսյանի հարազատների փոխանցմամբ, նա մեքենայով հասել է Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի հատված, որտեղ վեճ է ծագել մի հեծանվորդի հետ: Վերջինս նստել է տաքսին, ապա քիչ անց դուրս եկել եւ փախուստի դիմել: Վահան Հովհաննիսյանը եւս դուրս է եկել մեքենայից եւ ընկել:

Ժամանած շտապօգնությունը վարորդին տեղափոխել է 2իվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ժամը 3-ի սահմաններում Հովհաննիսյանը մահացել է: Նրա մարմնից դուրս են բերել «ՏՕԶ» տեսակի հրազենի գնդակ: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին:

Նշենք, որ ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ հեծանվորդը: Քաղաքի բանուկ այդ հատվածում բազմաթիվ տեսախցիկներ են տեղադրված, եւ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանությունն առգրավել է դրանք եւ ուսումնասիրում է, սակայն ողբերգությունից մեկուկես օր անց ոստիկաններին դեռ հայտնի չէ հանցագործություն կատարած անձը:

Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Սպանվածը ամուսնացած էր, ուներ 7 եւ 2 տարեկան դուստրեր:
news.am