Այն, ինչ ցանկանում ես իմանալ քո սեռական հասունացման, օրգանիզմիդ սեռական առանձնահատկությունների, հիգիենայի ու պարզապես սեռական դաստիարակության մասին, առանց անհարմար զգալու պարզիր մեր այս խորագրից, որը վարում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Տասնամյակներ շարունակ սեքսի և սեքսուալ հարաբերությունների մասին խոսելն ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Այդ մասին լռում էին դպրոցում, ընտանիքում աշխատում էին այն շրջանցել` հուսալով, որ այս հարցի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը: Իսկ դա բազմաթիվ անցանկալի անակնկալներ է մատուցում խնդրո առարկայից անտեղյակ կամ պատշաճ գիտելիքներ, փորձ չունեցող պատանիներին, երիտասարդներին և, ինչու չէ, ամուսնական զույգերին:
Սեռական դաստիարակությունը (սեռակրթությունը) բժշկական և հոգեբանական միջոցառումների մի ամբողջ համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը:
Երեխաների սեռական լիարժեք դաստիարակությունը ներառում է մինչև սեռական հասունացումն ընկած շրջանը: Այս փուլում կարևոր են ընտանիքը, նախադպրոցական հիմնարկը:
Նախադպրոցական տարիքի երեխաներին անհրաժեշտ է ծանոթացնել հիգիենայի տարրական կանոններին: Կարևոր է օրգանիզմի կոփումը: Երեխաներին խնամելիս պետք է խուսափել էրոգեն (տարփածին) գոտիները շփելուց, անհարմար, նեղ հագուստ հագցնելուց: Պետք է կանխել և ժամանակին բուժել ճիճվային հիվանդությունները: Անչափ կարևոր է ընտանիքում ջերմ մթնոլորտի ստեղծումը:
Երեխաների շրջանում աստիճանաբար ձևավորվում է տվյալ սեռին պատկանելու գիտակցությունը, որն արտահայտվում է այն բազմաթիվ հարցերում, որոնք նրանք տալիս են ծնողներին` երբեմն շփոթեցնելով նրանց: Իրենց լույս աշխարհ գալու «գաղտնիքով» հետաքրքրվող երեխաների հարցերին պետք է պատասխանել պարզ և մատչելի, հակառակ դեպքում միայն ավելանում է երեխայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, ստիպում նրան պատասխանն իմանալ ավելի «իրազեկ» ավագ ընկերներից: Ինչ վերաբերում է տարատեսակ հնարքներին ու հեքիաթներին, որոնք ծնողները հորինում են հարցի ուղիղ պատասխանից խուսափելու համար, ապա պետք չէ մոռանալ, որ երեխաները վաղ թե ուշ իմանում են այդ հարցի պատասխանը, ինչի հետևանքով, սակայն նրանք սկսում են անվստահությամբ վերաբերվել ծնողներին:
Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների սեռական դաստիարակության գործընթացում պետք է հաշվի առնվեն ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները: Այդ շրջանում տղաների և աղջիկների սեռական բնականոն զարգացման և ճիշտ փոխհարաբերությունների հաստատման համար կարևոր են բարոյական այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են ամաչկոտությունը, զսպվածությունը, միշտ օգնելու պատրաստակամությունը և այլն:
Սեռական դաստիարակությունն անհամեմատ բարդ և դժվար խնդիր է հատկապես սեռական հասունացման շրջանում: Պետք է խիստ նրբանկատ լինել` հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև դեռահասի անձնական հատկանիշները:
Աղջիկները դեռահասային շրջան են մտնում հիմնականում 12-14, տղաները` 13-15 տարեկան հասակում:
Դեռահասների սեռական հասունացման նախակարապետը երկրորդային սեռական նշանների երևան գալն է: Տղաների ձայնը «բեկվում» է, սկսվում են առաջին ինքնաբեր սերմնաժայթքումները, ինչը պատանիներին երբեմն հանկարծակիի է բերում:
Աղջիկների սեռական հասունացման շրջանում ամենից առաջ անհրաժեշտ է նրանց նախապատրաստել դաշտանի երևան գալուն: Մայրերը պետք է նրանց սովորեցնեն անձնական հիգիենայի կանոնները, հանձնարարեն դաշտանի օրագիր պահել, ծանոթացնեն կնոջ ֆիզիոլոգիային:
Ծնողները պետք է գիտենան, որ բնավորության առնական կամ կանացի որոշ գծեր կարող են ուշ արտահայտվել: Հարկ չկա դրան չափից ավելի ուշադրություն դարձնել, հատկապես` զարգացման ճգնաժամային շրջաններում: Բնավորության ցանկացած տիպի դեպքում նախ և առաջ պետք է այնպես վարվել, որ երեխայի վարքի առանձնահատկությունները համապատասխանեն բարոյական նորմերին, ընդ որում` ոչ թե բռնանալով, պարտադրելով, այլ բնավորության ուժեղ կողմերի վրա հենվելով: Անկախ երեխայի տարիքից և բնավորության` հոգեբանական տիպից, ծնողների կարևորագույն խնդիրն է մեղմել նրանց վարքագծի, հատկապես` կոնֆլիկտների հանգեցնող կողմերը, զարգացնել իր հակառակ սեռի հետ բարյացկամորեն շփվելու ունակություն: Սա կարևոր է, որովհետև դեռահասների սեռական հատկանիշների դրսևորման որոշ ձևերի հարցում ծնողները հաճախ լուրջ սխալներ են թույլ տալիս: Դա նախ և առաջ վերաբերում է ձեռնաշարժությանը (օնանիզմ): Հարկ է նշել, որ դեռահասների շրջանում այդ խիստ տարածված երևույթը պետք չէ ողբերգականացնել, քանի որ անցյալի գրականությունում ձեռնաշարժության հնարավոր խոր հետևանքներն ակնհայտորեն չափազանցված են: Դեռահասի` կատարելությունից դեռևս հեռու սեռական համակարգը անտարբեր չէ հուզական այն ծանրաբեռնվածությունների հանդեպ, որոնց ստիպված է լինում դիմանալ ձեռնաշարժությունների ժամանակ: Հուզական ծանրաբեռնվածությունն էլ ավելի է մեծանում սեռական հարաբերության պահին: Կարևոր է թույլ չտալ, որ անչափահասները հուզական խանգարումներ, հոգեկան ապրումներ ունենան, որոնք կարող են խոր հետք թողնել ողջ կյանքում:
Անցումային շրջանում դեռահասի հոգեբանության բնորոշ գծերից մեկը հասարակության մեջ ինքնահաստատվելու` չափահաս երևալու ձգտումն է: Ակներև է, որ պատանեկան տարիքի հոգեֆիզիոլոգիայի առանձնահատկություններին ծանոթ լինելը ծնողներին օգնում է դաստիարակչական համարժեք ներգործության ճիշտ ձևեր ու եղանակներ գտնել: Այդ փուլում սեփական դաստիարակության գլխավոր նպատակը պետք է դառնա որդու կամ դստեր մտածողության «իսկական տղամարդ» և «իսկական կին» հասկացությունների հետագա բյուրեղացումը:
Տղաների սեռական դաստիարակության գործընթացում չի կարելի մոռանալ նաև տղամարդու հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Ընտանիքում հոր օրինակը միշտ ազդում է երեխաների մտապատկերում տղամարդու` ամուսնու և հոր կերպարի ձևավորմանը: Որդին յուրացնում է հոր վարքագիծը: Դուստրն ի դեմս հոր տեսնում է ապագա ամուսնու հնարավոր իդեալին կամ երդվում է առհասարակ չամուսնանալ:
Այսպիսով, երեխաների ընտանեկան ապագայի պատասխանատուն առաջին հերթին ծնողներն են, ովքեր կոչված են ճիշտ և գրագետ սեռական դաստիարակություն տալուն: Ծնողները պետք է օգնեն իրենց երեխաներին` գիտակցելու ապագա երջանիկ և ներդաշնակ ընտանիքի անհրաժեշտությունը:
esyes.am