Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել: Համբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:
Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ և հանելուկային երևույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք և ցավն են մեղմում, և վերքերն են ամոքում: Լինում են նաև նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր` դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաև այսպես կոչված հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական և ծիսական համբույրներ, ինչպես նաև ողջույնի, քաղաքական, ընկերական և էրոտիկ համբույրներ…
Ուզում եք` հավատացեք, …
Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ` ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչև մարդ արարածի հայտնվելը շիմպանզեներն ու օրանգուտանգները վաղուց արդեն «տրվում էին» այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել և իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով համբուրվելը պարզապես նողկալի երևույթ է, և վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու» հետ:
Անտիկ տարեգիրների վկայությամբ Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ` միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երևույթ է համարվում, և զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ-ները) մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում` պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին և սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել` լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատև բացակայությունից հետո տուն վերադարձող զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միմիայն քնքշալից ժպիտով:
Հին ավանդապատման համաձայն` համբույրը հնարավորություն է տալիս «ներթափանցել» դիմացինի հոգու խորքը: Միգուցե հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան, որը հայտնի է ոչ միայն իր քաղաքական խարդավանքներով, այլև բազմաթիվ հաղթական ավարտ ունեցած սիրավեպերով, երբեք չի համբուրվել (եթե, իհարկե, հավատանք պատմագրական տեղեկություններին):
Ուզում եք` ոչ…
Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Բոլորովին վերջերս Թայլանդում տեղի ունեցող ամենաերկարատև համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց: Նախկինում իրար անծանոթ մի աղջիկ ու մի պատանի, որոնք «տարերայնորեն» որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տևող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:
Այնուամենայնիվ, ոմանք գիտակցաբար թույլ չեն տալիս ոչ իրենց հոգիները «ներթափանցել», ոչ էլ նման յուրօրինակ «թեստավորում» են ուզում անցնել: Ավելի քան հարյուր տարի առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների էմանսիպացված մասի մոտ համբույրի հանդեպ կատաղի ատելության մի իսկական ալիք բարձրացավ: Իսկ գիտե՞ ք, թե որն էր դրա պատճառը. «ազատագրված կանայք» գտնում էին, որ այդ «բացարձակապես անօգուտ զբաղմունքը» հակահիգիենիկ և նույնիսկ վտանգավոր է: Իլֆի և Պետրովի` բոլորիս հայտնի անմահ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի (ԶԱԳՍ-ի) պատին փակցված է մի հայտարարություն, որում ասվում է. «Համբույրը ինֆեկցիաների փոխանցողն է»: Իսկ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:
Համբույրի «նվիրական գործին» անխուսափելիորեն մասնակից բերանի խոռոչի լորձաթաղանթը իրականում ցանկացած ինֆեկցիայի համար բաց դարպաս է հանդիսանում: Ու, չնայած այն հանգամանքին, որ մեր օրգանիզմը մեր մասին հոգ է տանում` շատ միկրոօրգանիզմների դեմ բավականին ագրեսիվ նյութեր արտադրելով, այնուամենայնիվ, համբույրն իր «փոխանցողի» գործն անում է: Շուրթերի գեթ մեկ զգայական հպման արդյունքում համբուրվողները մոտ 250 տարբեր բնույթի բակտերիաներ են «փոխանակում»: Սրան հակառակ` որոշ ստոմատոլոգներ համոզված են, որ համբույրը հանդիսանում է ամենաբնական մաքրիչ միջոցը, որով կարելի է կանխել կարիեսի և պարադոնտոզի առաջացումը: Մինչդեռ ստոմատոլոգների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ համբույրը կարող է հանգեցնել ատամների քայքայմանը:
«Հոգու ներթափանցման» միջոցով կարելի է վարակվել գրիպով, ինֆեկցիոն մոնոնուկլեոզով, տոնզիլիտով, դիֆտերիայով, կապույտ հազով, կարմրուկով, քութեշով, ստոմատիտով, հերպեսով:… Տեսականորեն համբույրը կարող է նպաստել նույնիսկ ՁԻԱՀ-ով, պալարախտով և կենցաղային սիֆիլիսով վարակվելուն. էլ չենք խոսում օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Բերանի խոռոչի լորձաթաղանթում հայտնաբերվել են տարրեր, որոնք կարող են խթանել գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև Helikobacter pylori բակտերիայի զարգացումը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ համբույրը կարող է նաև նման հիվանդությունների տարածման պատճառ դառնալ: Yerevannews.am