Հայկական իրականության մեջ ամենատարածված լեգենդներից մեկը այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստարկները վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կնոջ կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման շեղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:
Եթե կինը մասնագիտական /սեքսոլոգիական ռեաբիլիտացիա/ բժշկական օգնության շնորհիվ վերականգնում է զգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդկանց համակում են մտավախություններ ու կասկածներ՝ կապված կնոջ հավատարմության հետ. “եթե նա գիտի արդեն ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան “: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած լեգենդն է: Ամուսինը ընկնում է կեղեքումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում է դեպրեսիայի մեջ: Այս լեգենդի զոհն են դառնում հազարավոր մարդիկ, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է. կինը, որ սեռապես բավարարված է, երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախությունները, ամուսինները կապրեն երջանիկ սեռական և առօրյա կյանքով:
Տղամարդիկ հպարտանում են իրենց սեռական օրգանի չափի և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, որ տղամարդու սեռական օրգանի չափը և ձգվածության աստիճանը կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ ռեալիզացվելու միակ կարևոր չափանիշն է: Սակայն ի հակառակ վերը նշվածի, բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը, այդ կանանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական էքսպրեսիվությունը, ուշադրությունը, և ընդհանրապես առօրյա վերաբերմունքը հանդեպ կինը: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը մեծապես պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական պարամետրերով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց փաստ նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են տղամարդու իրենց հանդեպ դրսևորած հետաքրքրության հետ, եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, այդ կինը ընկնում է խոր վշտի գիրկը “ես այլևս դադարել եմ նրան որպես կին հրապուրել, և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունը և գեղեցկությունը, հիմա նա ամենայն հավանականությամբ գտել է երիտասարդ սիրուհի”:
Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը այս դեպքում հնարավոր է բացարձակ կապ չունենալ կնոջ գրավչության հետ, այլ բխում է հենց իր՝ տղամարդու սոցիալական, հեգեբանական կամ մի գուցե նաև կենսաբանական խնդիրների հետ: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական ցանկությունը, չի խորանա նաև նրանց միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնանքը: Մինչդեռ կա հոգեբանական ֆենոմեն, այն է՝ կնոջ կողմից կպչուն բնույթի մտավախությունները իրականացվում են տղամարդու կողմից:
Վերջապես տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը մեխանիկական գործընթաց և հնարավոր է նրա մոտ էլ պարբերաբար չլինի սեռական ցանկություն, կամ այնպես պատահի, որ չգոհացնի կնոջը, դա միանգամայն բնական է և հատկանշական է բոլոր տղամարդկանց:
Ինչ վերաբերվում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, որ տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան, իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, երիտասարդ հասակի հետ համեմատած ոչ այնքան հաճախակի է առաջանում սեռական պահանջը: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում են ավելի ուշ տարիքում, եթե իհարկե բացակայում են այլ հիվանդությունները:
Ուստի տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել իրենց առողջությանը, հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, չչարաշահել ալկոհոլը և նիկոտինը և անպայման տեղեկանալ տղամարդու սեռականության շուրջ պտտվող լեգենդների հիվանդագին ազդեցությունների մասին:
Հեղինակներ` Նարինե Ներսիսյան, Ռուզաննա Ազատյան
Աղբյուրը` sexology.am