Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները երեքն էին: Երրորդ ամբաստանյալը՝ Վիլհելմ Ենգիբարյանը, վերաքննիչ բողոք չէր բերել: Նրա մասով դատավճիռը ուժի մեջ է մտել:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համլետ Դավթյանի նախագահությամբ:
Ըստ դատավճռի՝ վաշտի ավագ Վիլհելմ Ենգիբարյանի կոպիտ դիտողությունների ու վատ վերաբերմունքի մասին նրա ստորադրյալ, ժամկետային զինծառայող, շարքային Թորգոմ Սարուխանյանը գանգատվել է զորամասի իրային ծառայության պետին: Վերջինս հանդիմանական հեռախոսազրույց է ունեցել վաշտի ավագ Ենգիբարյանի հետ:
2011 թվականի հունվարի 23-ին, ժամը 21-ի սահմաններում Վիլհելմ Ենգիբարյանը վաշտում «հեղինակություն» վայելող Հրանտ Կարապետյանին ու Ռոբերտ Բադալյանին պատմել է Սարուխանյանի արարքի մասին, որը համատեղ որակել են որպես բ..-ություն:
Դատավճռի ձևակերպմամբ՝ Ենգիբարյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել իշխանազանցություն, հաշվեհարդար տեսնելու անձնական շահագրգռությունից ելնելով՝ Կարապետյանի ու Բադալյանի հետ բռնություն է գործադրել Սարուխանյանի նկատմամբ: Նրանք հարվածներ են հասցրել զինվորին, անվանել բ.., արածը՝ բ..-ություն: Ստորացրել են Սարուխանյանի պատիվն ու արժանապատվությունը, նվաստացրել նրան, այլ զինվորների ներկայությամբ նշավակել որպես բ..-ի և մատնիչի:
Բացի այդ, ծառայության բերումով պարբերաբար հանդիպելով իր ենթակա, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Սարուխանյանին, Ենգիբարյանը շարունակել է չարաշահել իր դիրքը, ցինիկ վերաբերմունք դրսևորել զինվորի նկատմամբ, համածառայողների ներկայությամբ պարբերաբար անհիմն ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, զրպարտել մատնություն կատարելու համար:
Դատական ակտի համաձայն՝ նմանատիպ վարքագիծ են դրսևորել նաև զինծառայողներ Կարապետյանն ու Բադալյանը: Նրանք զրպարտել ու զինվորների ներկայությամբ պախարակել են Սարուխանյանին, պարբերաբար կրկնել, թե բ.. է, իրավունք չունի մյուս զինվորների հետ շփվելու:
Ըստ դատավճռի՝ Սարուխանյանը, այլևս չդիմանալով իր նկատմամբ բազմիցս գործադրված ստորացուցիչ հալածանքներին, 2011 թվականի փետրվարի 12-ին, ժամը 16-ն անց 35 րոպեին, գտնվելով պահակային ծառայության մեջ, իրեն ամրակցված ինքնաձիգից պահակակետում մեկ կրակոց է արձակել կրծքավանդակի ձախ շրջանին և ինքնասպան է եղել:
Դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ՝ ինքնասպանությանը նախորդած ժամանակահատվածում Թ. Սարուխանյանը գտնվել է հոգեկան լարված վիճակում: Վիլհելմ Ենգիբարյանի, Հրանտ Կարապետյանի, Ռոբերտ Բադալյանի գործողությունների և Թորգոմ Սարուխանյանի՝ ինքնասպանություն կատարելուն նախորդած հոգեվիճակի միջև, ըստ փորձագետի, ամենայն հավանականությամբ գոյություն ունի պատճառահետևանքային կապ:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել շարքային Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության հասցնելու համար:
Վիլհելմ Ենգիբարյանը և Ռոբերտ Բադալյանը դատապարտվել են 5 տարի, Հրանտ Կարապետյանը՝ 5 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժների սկիզբը՝ 2011 թվականի փետրվարի 17-ից:
Վերաքննիչ քրեական դատարանում տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումը, այն է՝ Թորգոմը սպանվել է այլ անձի կողմից, իսկ այս գործով դատապարտված ամբաստանյալներն անմեղ են, պետք է արդարացվեն:
Ռոբերտ Բադալյանի շահերի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդել է Բադալյանի մասով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում սահմանել նվազագույն պատիժ և բավարարվել ամբաստանյալի՝ արդեն իսկ կրած կալանքով:
Հրանտ Կարապետյանի մասով, ըստ վերաքննիչ բողոքի, պահանջվել է բեկանել դատավճիռը, արարքը վերաորակել՝ ընդունելով, որ նա խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, սակայն այդ խախտումները ծանր վնաս չեն առաջացրել: Բերված բողոքով միջնորդվել է Կարապետյանի նկատմամբ սահմանել նվազագույն պատիժ, կիրառել համաներում և ազատել պատժի կրումից կամ պայմանական դատապարտության ենթարկել նրան՝ սահմանելով փորձաշրջան:
Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով վերաքննիչ բողոքները, եկել է եզրակացության, որ դրանք բավարարելու օբյեկտիվ հիմքեր չկան:
Վերաքննիչ բողոքները մերժվել են, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
1in.am