Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-ի 1-ին մասի հատկանիշներով եւ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:
Դիանայի 12-ամյա որդին էլ տեղափոխվել է Վանաձորի մանկատուն, քանի որ կինը Հայաստանում ոչ մի հարազատ չունի, բարեկամները գտնվում են Ռուսաստանում: Նա պաշտոնապես ամուսնացած չի եղել, այժմ իրավապահները փորձում են պարզել նրա որդու հորը: Երեխան այնքան ժամանակ կմնա մանկատանը, մինչեւ Դիանայի հարազատները գան եւ որոշեն նրա խնամքի հարցերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն Ա-ին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կարեն Ա-ին դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շ-ն դանակով հարվածել է Կարեն Ա-ի կրծքավանդակին` պատճառելով մահ:
Դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
news.am