Մարիամը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել սուտ մատնություն կատարելու համար:

Մայրաքաղաքային քոլեջներից մեկի 19-ամյա ուսանողուհի Մարիամը 2012 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, թե նախորդ օրը, ժամը 19-ի սահմաններում Երևանի Խանջյան փողոցում գործող «XXX» կարաոկե ակումբում իր ծանոթ Համազասպի հետ սեռական հարաբերություն է ունեցել ոչ թե կամովին, այլ երիտասարդի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի ու ցուցադրված դանակի ազդեցության տակ, իր կամքին հակառակ:

Այս հաղորդման վերաբերյալ քննություն է կատարվել, որը հանգեցրել է նրան, որ 2013 թվականի մարտի 5-ին արդեն քրեական գործ է հարուցվել Մարիամ Գ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Մարիամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դատարանում Մարիամն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել, թե Համազասպի հետ ծանոթացել է 2012 թվականի նոյեմբերի սկզբին Մաշտոցի պողոտայում գտնվող «Լիոն» բարում:
Սկսել են հանդիպել, շփվել, մտերմացել են: Վրա է հասել Մարիամի ծննդյան օրը՝ նոյեմբերի 27-ը: Մարիամն իր տարեդարձը նշել է Համազասպի հետ ու ասել, թե հաջորդ օրն էլ ընկերուհիների հետ է նշելու:
Նոյեմբերի 28-ին, ժամը 15-ի սահմաններում երեք ընկերուհիները գնացել են Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մամա միա» կարաոկե ակումբ:

Մարիամն անընդհատ հեռախոսակապի մեջ է եղել Համազասպի հետ: Պայմանավորվածության համաձայն՝ Համազասպն ընկերոջ հետ ժամը 18-ին եկել է «Մամա միա»:

Մարիամի ընկերուհիներն ու Համազասպի ընկերը շուտով գնացել են, իսկ Մարիամն ու Համազասպը որոշել են զբոսնել:

Խանջյան փողոցով քայլելիս Համազասպն առաջարկել է գնալ «XXX» կարաոկե ակումբ: Մարիամը չի մերժել: Ակումբում առանձնասենյակ են պատվիրել ու, փոխադարձ համաձայնությամբ, սեռական հարաբերություն են ունեցել: Աղջկա մոտ արյունահոսություն է սկսվել: Որոշ ժամանակ մնացել են «XXX»-ում, ապա դուրս են եկել:

Աղջիկը տուն է գնացել, բայց այնտեղ արյունահոսությունը վերսկսվել է: Կատարվածը ծնողներից թաքցնելու նպատակով, վախի ու շփոթմունքի ազդեցության տակ աղջիկը մորն ասել է, թե ծանոթ տղան իրեն, իբր, բռնաբարել է:

Մայրը խորապես զայրացել է ու աղջկա հետ անմիջապես գնացել ոստիկանություն:

Այդպես, աղջիկը ծանր հանցագործության կատարման վերաբերյալ տվել է մի հաղորդում, որի համար, ինչպես որ պահի ազդեցության տակ կատարած արարքի համար, պատասխանատվությունը կրելու էր միայն ինքը:

Ընդհանուր իրավասության դատարանում աղջիկը հայտնել է, թե Համազասպն ակումբում իրեն դանակով չի սպառնացել, ամեն բան կատարվել է փոխադարձ համաձայնությամբ ու ցանկությամբ:

Ոստիկանությունում հաղորդում տալուց և հիվանդանոցում մի քանի օր բուժում ստանալուց հետո որոշ ժամանակ աղջիկն ապրել է տղայի տանը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով նրա հետ, սակայն շուտով հեռացել է: Մեկ ամսվա ծանոթությունը դեռ շատ քիչ էր՝ թեկուզ փաստական ընտանիք կազմելու համար:

Այս իրավիճակը մեկ անգամ ևս ի ցույց է հանում երիտասարդության սխալ սեռական դաստիարակության, իրավական անգրագիտության անցանկալի հետևանքները: Երիտասարդ աղջիկները ձգտում են ինքնուրույնության, սեփական որոշումներ կայացնելու ազատության, սակայն տեղնուտեղը գործում են սխալներ, որոնք ոչ միայն բարոյական, այլև իրավական հետևանքներ են ունենում: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Մարիամի մեղքը և նրան դատապարտել 1 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 1 տարի փորձաշրջան:
1in.am