ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը այսօր խորհրդարանի ստորին պալատին է ներկայացրել միասեռականներին ծնողական իրավունքից զրկելու մասին օրինագիծ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ տվյալ օրինագիծը պետք է լրացնի ՌԴ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածը, որի համաձայն ծնողական իրավունքից կզրկվեն այն ընտանիքները, որտեղ հայրը կամ մայրը միասեռական են:

Օրինագծի հեղինակի պնդմամբ, Ռուսաստանի բնակչության ավելի քան 5-7 տոկոսը միասեռականներ են, և նրանց առնվազն մեկ երրորդը երեխաներ ունեն: Ժուռավլյովի խոսքով` միասեռականության մասին քարոզչությունը պետք է արգելվի ոչ միայն ԶԼՄ-ներով, այլ նաև ընտանիքում:

Այս տարվա հունիսի վերջին Ռուսաստանում անչափահասներին միասեռականության քարոզչությունը արգելող օրենք ընդունվեց: Ավելի ուշ ՌԴ նախագահի առաջարկությամբ ընդունվեց մեկ այլ օրենք, որի համաձայն միասեռական ընտանիքներին արգելվում է երեխաներ որդեգրել:


panorama.am