Լիտվայի Սեյմը սկսել է քննարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում է նույնասեռականության քննադատությունը չհամարել խտրականության կամ ծաղրի դրսեւորում, հաղորդում է տեղի Delfi պորտալը: Այս առաջարկների տակ ստորագրել են մոտ 50 պատգամավորներ: Նախագծի հեղինակները նշում են, որ դա արել են հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ:

Նրանք առաջարկում են փոփոխություններ մտցնել այն հոդվածում, որը պատժամիջոցներ է նախատեսում սեռական, սեռական կողմնորոշման, ռասայական, ազգային, լեզվական տարբերությունների հողի վրա հրապարակային ծաղրուծանակի, անհանդուրժողականության խրախուսման կամ դրդելու համար:

Նախօրեին օրինագիծը քննարկման է ներկայացրել «Խիզախության ուղի» կուսակցության պատգամավոր Ալգիրդաս Պատացկասը: «Դատարաններում արդեն երեւում են առաջին նշանները, երբ մարդուն դատապարտում են միայն այն բանի համար, որ նա վիճարկել որոշ պնդումներ, չի վիրավորել, չի հայհոյել, միայն քննադատել է»,-հայտարարել է Պատացկասը:

Նախագծի հեղինակները համոզված են, որ փոփոխություններից հետո քաղաքացիների ազատ խոսքի իրավունքն ամբողջությամբ պաշտպանված կլինի:

Առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 47 պատգամավոր, դեմ՝ 15-ը, եւս 20-ը ձեռնպահ են մնացել:


http://news.am/arm/news/171251.html