Մանկապղծության դեպքերի հետաքննությամբ զբաղվող ավստրալական հանձնաժողովը Սիդնեյում սկսել է ավելի քան 4.000 երեխաների սեռական բռնությունների ենթարկելու վերաբերյալ հանրային լսումները, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Australian-ին։

Առաջին լսումների ընթացքում կքննարկվեն «Ավստրալիայի սկաուտներ» շարժումում և տեղաբնիկների երեխաներին օգնություն հատկացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունում մանկապղծության դեպքերը։

Հետագայում հանձնաժողովը կստուգի նաև անչափահասներին սեռական բնույթի գործողություններում ներգրավելու մասին տեղեկությունները կրոնական և շահույթ չհետապնդող կազմակերպություններում, ինչպես նաև այնպիսի պետական հաստատություններում, ինչպես մանկատները և դպրոցները։

Հանձնաժողովի նախագահ Պիտեր Մաքքլելանի խոսքով՝ բողոքների մեծ քանակի պատճառով բոլոր դեպքերն առանձին քննել չի ստացվի։ Մանկապղծության զոհերը լսումների ընթացքում կարող են կամ հրապարակային ելույթ ունենալ, կամ փակ լսումների ընթացքում։

Սպասվում է, որ 2014թ. կեսերին հանձնաժողովը կներկայացնի նախնական զեկույց, իսկ 2015-ին՝ ավստրալական կազմակերպություններում մանկապղծության վերաբերյալ վերջնական զեկույց։ Ընդ որում՝ այս մարմինն իրավունք չունի դատել այս կամ այն անձին, այլ կարող է միայն տեղեկություն տրամադրել տեղական իշխանություններին։
 


http://www.tert.am/am/news/2013/09/16/australia-pedofilia/