2013 թվականի միայն 6 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է սեռական հանցագործության 59 դեպք, մինչդեռ 2011 թվականի այդ բնույթի հանցագործությունների թիվը կազմել է 71, իսկ 2012-ին` 102: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը ու հավելեց. «Այս հանցագործություններն ունեն ավելանալու միտում»: Այս հանցագործությունների համար գործող օրենսդրությամբ նախատեսված պատիժը մեղմ է:

«Օրենսդրության մեջ բացեր կան: Այսօրվա դրությամբ գործող օրենսդրության մեջ կան անգամ սեռական բռնության դիմաց դրամական տուգանքի պատժի ձևեր», իր հերթին նկատեց Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Այս հանցագործությունների աճը և դրա համար նախատեսված մեղմ պատիժը պատճառ են հանդիսացել, որ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Դավիթ Հարությունյանը նախաձեռնեն փոփոխություններ ու լրացումներ Քրեական օրենսգրքի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում:

Նախագծի առաջին ընթերցումն արդեն անցել է խորհրդարանում, որի մասին Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր: Այսօրվա հանդիպման ժամանակ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ մինչև 2-րդ ընթերցում օրինագիծը որոշ փոփոխությունների կենթարկվի: «Մոտակա երկու ամիսների ընթացքում, ես կարծում եմ, նախագիծը կընդունվի ամբողջությամբ», -հավելեց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով, անառակաբարո գործողություններ հանցակազմը այսօր շատ տարածված է Հայաստանում և նույնիսկ դրա մասին իրավապահ մարմիններում քիչ հաղորդումներ են լինում: Իսկ այդպիսի հանցագործությունները մեր երկրում տարածվել են, որովեհտև, Հարությունյանի խոսքով, համացանցը ներխուժել է գրեթե բոլորի բնակարաններ:

«Անառակաբարո գործողություններ հանցագործությունը այսօր դարձել է շատ տարածված: Շատ հաճախ անառկաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ, օրինակ՝ նաև ինտերնետի միջոցով երեխայի հետ զրույցներ վարելով: Մենք օրենսգրքում առանձնացրինք անառակաբար գործողությունները էլենտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործման միջոցով հանցակազմը»,- տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Տաթևիկ Աղաբեկյանը մատնանշեց վերջերս «Տաք ջուր» կոչվող հանգստյան վայրում Ճանապարհային ոստիկանության աշխատակից Վահագն Համբարձումյանի ու նրա ընկերոջ կողմից անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքը, որը տեղի է ունեցել աղջկա համաձայնությամբ: Նշված արարքի համար, ըստ Դավիթ Հարությունյանի, քրեական օրենսգիրքը (Քր. Օր. 141 հոդված) անգամ եթե դա կատարվել է անչափահասի ցանկությամբ նախատեսում է 2 տարի ազատազրկում առավելագույն պատիժ: Սակայն նոր փոփոխություններով, այդ հանցանքի համար օրենսդիրը նախատեսում է 5-12 տարվա ազատազրկում, նույնիսկ այն դեպքում, երբ դա կատարվել է անչափահասի ցանկությամբ:

Հարությունյանի խոսքով, անկախ ամեն ինչից, մինչև 12 տարեկան անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար նախատեսվում է պատիժ՝ բռնաբարության կամ սեռական գործողությունների հարկադրելու հոդվածով:

Պատգամավորը նաև ասաց, որ օրինագծի ընդունումը կնպաստի նաև կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: «Կոռուպցիոն ռիսկը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սեռական հարաբերության «կամովին»-«ոչ կամովին» անցումը առաջացնում է պատժի շատ մեծ փոփոխություն: Երբ այս նախագիծը ստանա օրենքի ուժ, նման կոռուպցիայի ռիսկը կվերանա, քանի որ անիմաստ կլինի հանցագործությունը այս հոդվածից տեղափոխել այն հոդված», հավելեց պատգամավորը:

Կարդացեք նաև`

Հայաստանում խստացնում են սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատիժը


http://www.panorama.am/am/law/2013/09/17/a-new-law/