Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Արթուր Պ.-ի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը դատաքննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

2012 թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 4-5-ի սահմաններում Արթուրն իր կնոջից իմացել է, որ աներձագը, այսինքն՝ կնոջ հարազատ եղբայրը, սեռական ոտնձգություններ է կատարել քրոջ նկատմամբ: Եղբայրը քրոջը բռնաբարել էր դեռ անչափահաս տարիքում ու դրանից հետո պարբերաբար սեռական բնույթի բռնությունների էր ենթարկել նրան:

Երբ կինը ամուսնուն խոստովանում էր իր կյանքի ամենատառապագին գաղտնիքը, նրա հարազատ եղբայրը հեռու չէր: Այդ օրը նա Արթուրի տանը հյուրընկալվել, հյուրասիրվել ու անվրդով քնել էր կողքի սենյակում:

Ըստ դատական ակտի՝ Արթուրը, իմացածից ցնցված, խոր սթրեսի մեջ ընկնելով, վրեժխնդրության հանկարծահաս զգացումից դրդված՝ իր բնակարանում մետաղե ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել աներորդու մարմնի տարբեր մասերին՝ գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևով պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Դեպքից հետո Արթուրը մեղայականով ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարածի համար:

39-ամյա Արթուրը նախկինում վեց անգամ դատապարտվել էր: Առաջին անգամ 19 տարեկանում էր դատվել, իսկ վեցերորդ անգամ՝ 37 տարեկանում:

Վերջին պատժից նա ազատվել էր 2011 թվականի հուլիսի 8-ին՝ համաներման կիրառմամբ: Վերջին դատվածությունը մարված չէ:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուրն ընդունել է մեղքը, ցանկություն հայտնել, որ գործը քննվի արագացված կարգով: Տուժողը և մեղադրողը չեն առարկել:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուրի խնամքին են թոշակառու ծնողները և երկու մանկահասակ երեխաները, որ նրա կատարած հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:

Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուրի մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Այդ գծերը, ըստ մասնագետների, արտահայտված չեն այն աստիճանի, որ զրկեին նրան իր գործողությունների վտանգավորությունը հասկանալու հնարավորությունից, սակայն ստեղծված օբյեկտիվ ծանր փսիխոտրավմատիկ իրավիճակում էապես սահմանափակվել են նրա այդ հնարավորությունները, ուստի Արթուր Պ.-ն ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Ըստ դատական հոգեբանի եզրակացության՝ փորձաքննվողը հուզական վիճակում դրսևորել է ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին և երկրորդ փուլերին բնորոշ վարքագիծ, սակայն երրորդ փուլին չի հասել՝ ուժասպառություն չի ունեցել: Արթուրն ապրել է խոր սթրես, ֆրուստրացվածություն՝ զայրույթի և ըմբոստության համակցումով, ինչն էապես ազդել է նրա վարքի ու գիտակցության վրա:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը:

Այնուամենայնիվ, գործի հանգամանքները, փորձագետների եզրակացությունները հաշվի առնելով՝ դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պետք է նշանակել 112 հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ:

Արթուր Պ.-ն դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 11-ից:

Դատավճիռը բողոքարկել էր ամբաստանյալի շահերի պաշտպան Է. Աղաջանյանը:

Երեկ վերաքննիչ դատարանում պաշտպանը հիմնավորեց իր բողոքը: Նա միջնորդեց, որ դատարանը բավարարվի Արթուր Պ.-ի կրած փաստացի կալանքով ու նրան ազատ արձակի դատարանի դահլիճում կամ կիրառի պայմանական դատապարտություն և փորձաշրջան նշանակի:

Պաշտպանը հայտնեց, որ դեպքից հետո Արթուրի կինը հեռացել է՝ թողնելով երկու մանկահասակ երեխաներին, որոնց խնամքը հիմա Արթուրի թոշակառու ծնողներն են իրականացնում: Արթուրն էր ընտանիքի միակ կերակրողը:

Դատարանը հարցրեց՝ ինչո՞ւ է կինը հեռացել ամուսնու տնից՝ ի՞ր կամքով, թե՞ ստիպողաբար: Պաշտպանը ենթադրաբար ասաց՝ երևի՝ իր կամքով: «Բայց նա՝ այդ կինն էլ է տուժող»,- նկատեց դատավորը: Ամբաստանյալն ու պաշտպանը համաձայնեցին:

Եղբոր կողմից անպատվված ու ամուսնու կողմից ըմբռնման չարժանացած կինը տուժողի իրավաբանական կարգավիճակ չուներ: Նրանը անբախտության, զոհի խարանն էր, երևի, որ ծանր շղթայի պես կախվել էր ճակատագրից…

Պաշտպանը նշեց, որ քրոջ նկատմամբ գործադրած սեռական ոտնձգությունների համար վայ-եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե հանցակազմի բացակայության կամ արդարացման հիմքով, այլ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:

Ներկայումս երկու մանկահասակ երեխաները՝ մինչև 3 տարեկան, Արթուրի թոշակառու ծնողների հոգածությանն են թողնված, ահա թե ինչու է կարևոր, ըստ պաշտպանական կողմի, որ Արթուրը հնարավորինս շուտ ազատվի:

Մեղադրողը առարկեց բերված բողոքի դեմ՝ ասելով, թե գործի բացառիկ հանգամանքները ինքը ևս հաշվի է առել և հենց ինքն էլ միջնորդել է օրենքով սահմանվածից ավելի մեղմ պատիժ նշանակել սահմանափակ մեղսունակ ճանաչված ամբաստանյալի նկատմամբ:

Ընդհանուր իրավասության դատարանն արդեն իսկ հաշվի է առել պաշտպանի կողմից բողոքի մեջ թվարկված մեղմացնող ու բացառիկ հանգամանքները:

Եթե Արթուրը նախկինում բազմիցս դատապարտված չլիներ, չմարված դատվածություն չունենար, հնարավոր է, որ, գործի բացառիկ հանգամանքները նկատի առնելով, ավելի մեղմ պատիժ սահմանվեր նրա նկատմամբ:

Արթուր Պ.-ն նիհար էր, փոքրամարմին ու շատ ցածրաձայն էր խոսում: Դժվար էր պատկերացնել, որ նա՝ զուսպ ու ամաչկոտ թվացող այդ գունատ տղամարդը պարբերաբար դատապարտվել էր է՛լ խուլիգանության, է՛լ միջին ու ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Մի խոսքով՝ որոշակիորեն անզուսպ բնավորություն ուներ, ըստ երևույթին: Դատաբժիշկներն էլ բնավորության փսիխոպաթիկ գծեր էին հայտնաբերել նրա մոտ…

Հենց նախկին դատվածությունները, հանցանք գործելու ռեցիդիվն էլ, ըստ երևույթին, հաշվի առնվեցին վերաքննիչ դատարանի կողմից:

Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժվեց: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:


http://hayeli.am/article/365298/