Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի դատավճիռը:

Դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, Խաչատուր Պողոսյանին` 14, Սամվել Հարությունյանին` 12:

Տուժող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից գումար բռնագանձելու պահանջի մասով թողնվեց առանց քննության:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատավճիռը բողոքարկվելու է, քանի որ իր պաշտպանյալը որևէ կապ չունի այդ գործի հետ: Նրանք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան էլ գանգատ կուղարկեն:

Անդրադառնալով գործով մյուս երկու ամբաստանյալների դատավճռին` Ալեքսանդր Սիրունյանը հայտնել է, որ նշանակված պատիժը խիստ է:

Նշենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը Պարույր Հայրիկյանի սպանության պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի համար 12 տարի ազատազրկում էր պահանջել, մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանի համար` 13 տարի, իսկ մահափորձն իրականացրած Խաչիկ Պողոսյանի համար՝ 14 տարի:

Դատական նիստի տեսանյութը և ֆոտոշարքը` շուտով:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

iravaban.net