Գործը դատաքննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Աբովյան քաղաքի 26-ամյա բնակիչ Ստեփան Ստեփանյանը և նրա ընկերը՝ 25-ամյա Գևորգ Բնյանը գարեջուր խմելու նպատակով գիշերվա ժամը 1-ին մտել են Աբովյան քաղաքի «Գոլդ» բար-սրճարան:

Բարում երեք այլ հաճախորդներ էլ կային՝ Երևանի բնակչուհի Արուսյակ Չ.-ն՝ Իրանի քաղաքացիներ Մուհամմադի ու Ամինի հետ:

Երբ Ստեփանն ու Գևորգը բարի սրահում նստած՝ գարեջուր են խմել, իրանցիների հետ զվարճացող Արուսյակը սեղանի մոտից վեր է կացել, գարեջրի մեծ գավաթը ձեռքին, բարում միացրած երաժշտության ներքո պարային շարժումներ անելով՝ մոտեցել է մերկապարուհիների համար նախատեսված ձողին ու սկսել է շորերով պարել:

Ստեփանն ու Գևորգը «անտարբեր» չեն մնացել՝ իրանցիների համար պարող կնոջը տեսնելով, ռեպլիկ են բաց թողել Արուսյակի ու նրա պարի վերաբերյալ:

Արուսյակը դատարանում հայտնել է, որ բարում օգտագործած ալկոհոլի ազդեցությամբ իր տրամադրությունը բարձրացել էր, պարելու ցանկություն էր առաջացել: Ինքը չի հիշում՝ ձեռքին գարեջրի շի՞շ է եղել, թե՞ գավաթ, երբ մոտեցել է ձողին ու սկսել է պարել: Լսելով անծանոթ երիտասարդների խոսքերը՝ վիրավորվել է, ձեռքի տարայի գարեջուրը լցրել է ռեպլիկներ անող երիտասարդների վրա:

Վերջիններս անակնկալի են եկել ու զայրացել: Ստեփանը, ըստ դատական ակտի, բռունցքով հարվածել է Արուսյակի դեմքին, կինը վայր է ընկել: Բարի աշխատակցուհին նրան անմիջապես տարել է լվացվելու:

Այդ ընթացքում Արուսյակին հարվածած տղաներին են մոտեցել կնոջ իրանցի ընկերակիցները: Տուրուդմփոց է սկսվել, Ստեփանն ու Գևորգը ծեծել են նաև իրանցիներին:

Արուսյակի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Ըստ մասնագիտական եզրակացության՝ վերքի ապաքինումից հետո կգոյանա կայուն սպի:

Իրանի քաղաքացիներ Մուհամմադի ու Ամինի ստացած վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Նախաքննական մարմինը Ստեփանի ու Գևորգի արարքը որակել է որպես խուլիգանություն, որը զուգորդվել է տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելով:

Ըստ դատական ակտի՝ Ստեփան Ստեփանյանը, բացի «Գոլդ» բարում կատարած արարքից, նաև գողություն էր կատարել Աբովյանի «Նարե» գեղեցկության սրահից, իսկ Գևորգը, պարտքուպահանջային վիճաբանության պատճառով ինքնիրավչություն կատարելով, հարազատ մորաքրոջ տնից որոշ ապրանքներ էր վերցրել՝ Ռուսաստանից մոր ուղարկած գումարների դիմաց:

Ընդհանուր իրավասության դատարանը Ստեփան Ստեփանյանին վերջին հաշվով դատապարտել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի փետրվարի 17 -ից:

Գևորգ Բնյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի ապրիլի 14-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել միայն Ստեփան Ստեփանյանի շահերի պաշտպան Կ. Ղազարյանը:

Վերջինիս կարծիքով՝ իր պաշտպանյալի արարքը խուլիգանություն որակելով՝ նախաքննական մարմինը և ընդհանուր իրավասության դատարանը սխալ են թույլ տվել: Պաշտպանը միջնորդել է խուլիգանության մասով արդարացնել Ստեփան Ստեփանյանին, իսկ նրա արարքը որակել ըստ հետևանքի կամ էլ դատավճիռը Ստեփանյանի մասով բեկանել և գործի այդ մասն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Պաշտպան Կ. Ղազարյանը վերաքննիչ դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ նշեց, որ «Գոլդ» բարում Ստեփան Ստեփանյանի դիտավորությունը չի եղել հասարակական կարգի կոպիտ խախտումն ու իր անձը հասարակությանը հակադրելը: Նա իր ընկերոջ հետ մուտքի վճար է տվել, մտել գիշերային բար, որպեսզի գարեջուր խմի ու մերկապարուհիների՛ կատարած մերկապարով զմայլվի: Սակայն դրա փոխարեն մերկապարի ձողին է մոտեցել իրանցիների հետ բարում գտնվող Արուսյակը, ով առաջին ատյանի դատարանում խոստովանել է, թե այնքան խմած է եղել, որ չի հիշում՝ ձեռքին գարեջրի շի՞շ է եղել, թե՞ գավաթ:

Ստեփանը, չցանկանալով նայել խմած Արուսյակի «պարը», ռեպլիկ է բաց թողել:

Արուսյակը, անսթափ լինելով, այդ ռեպլիկն ընկալել է որպես վիրավորանք և գարեջուրը լցրել է Ստեփանյանի վրա: Վերջինս, որպես տղամարդ, վիրավորվել է կնոջ նման արարքից, հուզական պոռթկում է ունեցել, մոտեցել է Արուսյակին ու ոչ թե հարվածել, այլ հրել է նրան:

Լինելով ոչ սթափ՝ Արուսյակը չի կարողացել հավասարակշռությունը պահել, վայր է ընկել ու վնասվել: Բայց Ստեփանյանը հետո նրան հարցրել է՝ նորմա՞լ է, Արուսյակն էլ ասել է՝ նորմալ է:

Այդ «նորմալից» անտեղյակ իրանցիները մոտեցել են Ստեփանին ու Գևորգին, երիտասարդներն իրար չեն հասկացել, ու փոխադարձ կռիվ է սկսվել: Բարում ուրիշ մարդիկ չեն եղել, ում հանգիստը կարող էր խանգարվել, իսկ բարից հեռանալուց առաջ Ստեփանը մատուցողուհուց ներողություն է խնդրել:

Ստեփանյանի արարքը, ըստ պաշտպանի, պայմանավորված է եղել տուժող ճանաչված Արուսյակի հակաբարոյական ու հակաիրավական վարքագծով, դա կենցաղային հողի վրա տեղի ունեցած ընդհարում էր, ոչ թե խուլիգանություն Ստեփանյանի և Բնյանի կողմից:

Պաշտպանի կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանն ապացույցների համակցությանը սխալ գնահատական է տվել, իրանցի Մուհամմադն ու Ամինն էլ Հայաստանում չեն եղել, դատարանում ցուցմունք չեն տվել, չեն հարցաքննվել, այնպես որ՝ Ստեփանյանի մասով դատավճիռը կարող է բեկանվել, գործի մասն էլ ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Ստեփան Ստեփանյանը «ծանրումեծ» արտահայտությամբ, առանձնապես մեծ սպասելիքներ չունեցողի կեցվածքով ու որոշ ժամանակ չսափրվածի մռայլությամբ նստել էր պաշտպանի կողքին և լսում էր նրա հիմնավորումները: Ապա իր կողմից միացավ պաշտպանին ու ասաց, թե իրեն պարզապես դուր չի եկել Արուսյակի պահվածքը, ինքը ռեպլիկ է բաց թողել, իսկ երբ կինն իր վրա գարեջուր է լցրել, զայրույթից հրել է նրան: Եթե Արուսյակը նման ձևով չարձագանքեր, ինքը ոչ մի դեպքում նրան չէր հրի: Իր գործողություններն ուղղված են եղել միայն Արուսյակի դեմ, իսկ հետո մոտեցած իրանցիների հետ փոխադարձ կռիվ է եղել, որը մի քանի րոպե է տևել:

Մեղադրողը խիստ լակոնիկ առարկեց բերված բողոքի դեմ, պնդեց, թե «Գոլդ» բարում երիտասարդների գործած արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական է տրվել, նրանց կատարածը իսկ և իսկ խուլիգանություն է եղել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպան Կ. Ղազարյանի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Ստեփան Ստեփանյանի մասով ևս թողեց անփոփոխ:
1in.am