47-ամյա Անդրանիկ Թորոսյանը մեղավոր է ճանաչվել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:
Անչափահաս աղջիկը Անդրանիկի փաստացի կնոջ 14-ամյա դուստրն էր:
Ըստ դատական ակտի՝ նա Անդրանիկի հետ իր կամքով էր սեռական հարաբերություններ ունեցել: Առաջին անգամ՝ 2011 թվականի դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի գյուղերից մեկում, և երկրորդ անգամ՝ 2012 թվականի հունվարի 6-ին Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ՝ Անդրանիկի վարած «Գազել» մակնիշի 58 համարի երթուղային տաքսու մեջ:
Անդրանիկի կատարած հանցանքը բացահայտվել էր այն բանից հետո, երբ ի հայտ էր եկել, որ «հոր» հետ սեռական հարաբերություններ ունենալու արդյունքում աղջիկը… հղիացել է:
2012 թվականի սեպտեմբերի 14-ին աղջիկն աղջիկ երեխա էր ունեցել: Անչափահաս մայրն ու այդ մոր մայրը՝ անկախ իր կամքից «հայրացած» Անդրանիկի փաստացի կինը, հրաժարվել էին երեխայից:
Մանկիկը տեղափոխվել էր Երևանի «Մանկան տուն»:
Անդրանիկ Թորոսյանն արգելանքի տակ էր առնվել 2013 թվականի մարտի 5-ից:
Ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Թորոսյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Տուժող ճանաչված աղջիկը և նրա օրինական ներկայացուցիչ ճանաչված մայրը Անդրանիկ Թորոսյանին որևէ պահանջ չեն ներկայացրել:
Ընդհանուր իրավասության դատարանը Անդրանիկ Թորոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և դատապարտել 1 տարի 3 ամիս ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, իրական ազատազրկումը փոխարինել փորձաշրջանով: Մարտի 5-ից Թորոսյանը կալանքի տակ էր, կալանքի վեց ամիսը կարող էր բավարար իրական պատիժ լինել նրա համար, քանի որ նա իրեն մեղավոր էր ճանաչել ու զղջացել կատարածի համար:
Այսօրվա նիստին սկզբում ներկա էր միայն տուժողի օրինական ներկայացուցիչը՝ մայրը: Նա առարկում էր վերաքննիչ բողոքի դեմ, առերևույթ չէր ցանկանում, որ Անդրանիկի պատիժը մեղմացվի:
Երբ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ուշացումով դատարան մուտք գործեց տուժող ճանաչված ու դեռևս անչափահաս աղջիկը: Դիմահարդարված, ոչ այն է՝ անչափահաս, ոչ այն է՝ չափահաս այս աղջիկը, երեխայից հրաժարված այս մանկամարդ կինը մոր դիտողությանը, թե ինչու է ուշացել, պատասխանեց գոռոցով: Նա անմիջապես սաստվեց դատարանի աշխատակցուհու կողմից ու այլևս չցուցադրեց իր բնավորությունը:
Մինչև խորհրդակցական սենյակից դատարանը կվերադառնար, աղջկա մայրը մտքեր էր բարձրաձայնում, թե, ճիշտ է, չի ուզում, որ Անդրանիկի պատիժը մեղմացվի, բայց մյուս կողմից էլ խղճում է Անդրանիկի 22-ամյա աղջկան… Այս կինը, ըստ երևույթին, լրիվ բարվոք, բոլորովին ոչ խղճալի էր համարում վաղ տարիքից սեռական կյանքով ապրած, 14 տարեկանում մայրացած, ապա երեխայից հրաժարված, հիմա էլ դիմահարդարված ու անտարբեր տեսքով դատարանում հայտնված իր անչափահաս դստեր վիճակը:
Դատարանի աշխատակցուհու հարցին, թե չե՞ն խղճում, արդյոք, մանկատանը գտնվող փոքրիկին, տուժողի մայրիկը պատասխանեց, որ խղճալու բան չկա, իրենք այդ երեխային պահել չէին կարող: Այդ «կես կիլոգրամանոցի» պատճառով իրենք տունուտեղից էլ կարող էին զրկվել, ու դա իրենց իսկի էլ պետք չէր…
Միգուցե կոնկրետ այդ երեխայի համար ավելի լավ է, որ կոնկրետ այդ ընտանիքում չի՞ մեծանալու…
Ամբաստանյալ Անդրանիկը դատարանի դահլիճ մտավ՝ բարձրահասակ, ամուր, միջին տարիքի տղամարդ, դեմքի անտարբեր ու շատ հանդարտ արտահայտությամբ: Նա առանձնապես ուշադրություն չդարձրեց կողք կողքի նստած մայրուաղջկան, իսկ վերջիններս աչքի պոչով նրան էին նայում ու սպասում դատավորներին՝ կմեղմացնե՞ն-չե՞ն մեղմացնի պատիժը, կազատե՞ն-չե՞ն ազատի Անդրանիկին:
Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը. բերված վերաքննիչ բողոքը մերժվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 1 տարի 3 ամիս ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:
Ամբաստանյալ Անդրանիկը ծանրումեծ վեր կացավ ու դուրս եկավ դատարանի դահլիճից: Երևում էր, որ նա առանձնապես մեծ հույսեր չէր կապել վերաքննիչ բողոքի հետ ու առանձնապես չէր ուրախացել նախկին փաստական «ընտանիքին» դատարանի դահլիճում տեսնելով:
1in.am