Հոգեկան խնդիրներ ունեցող 52-ամյա  Ղազար Ղ.-ն «Ղ-Տելեկոմի»  մոտ բարձր սեռական բնույթի հայհոյանքներով համեմված բանաստեղծություններ  է արտասանել, իսկ երբ ոստիկանը խնդրել է դադարեցնել՝ ծեծի է ենթարկել ոստիկանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 52-ամյա Ղազար Ղ.-ն «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղի վարչական շենքի մոտ, չենթարկվելով տվյալ վայրում իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակից Արծրուն Արմենակյանի կողմից ներկայացված` սեռական բնույթի հայհոյանքներով համեմված բանաստեղծություններ արտասանելը դադարեցնելու վերաբերյալ պահանջին, բռունցքով 1 անգամ հարվածել է Ա. Արմենակյանի գլխի ձախ հատվածին, այնուհետեւ ոտքերով երկու անգամ հարվածել է աջ ազդրին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Քրեական գործ է հարուցվել 316  հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500 պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 26-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


http://news.am/arm/news/173532.html