Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ 73-ամյա Յուրա Աբրահամյանը, ով բնակվում է Նոր Նորքի Բադալ Մուրադյան 6-րդ շենքում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նոր Նորքի ոստիկանները վրաերթի վայրից, մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են BMW X5 մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենա, որի թափքն ու դիմապակին ամբողջովին վնասված է: Իսկ ավտոմեքենայից մոտ 3 մետր հեռավորության վրա, բաժնի քրեական հետախուզության օպերները հայտնաբերեցին 01 AV 777 համարանիշներ, որոնք չի բացառվում, որ նշված ավտոմեքենայի համարանիշները լինեն: Այս պահին Նոր Նորքի ոստիկանները, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, փորձում են պարզել, թե ում անունով է հաշվառված նշված ավտոմեքենան և հայտնաբերել մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարության փրկարար ծառայության 9-րդ բաժնի, հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական ջոկատով, ովքեր առաջին իսկ պահից գտնվում են դեպքի վայրում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, այն դեպքում, երբ նշված հատվածում գործում են գետնանցումները, ու եթե հետիոտնը փողոցն անցներ գետնանցումով, ապա ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը քիչ առաջ մեղայականով ներկայացել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Նա, մինչ այդ՝ տաքսի ավտոմեքենայով, վրաերթի վայրից, շտապօգնության մեքենայի հետ գնացել է հիվանդանոց, որտեղ էլ իմացել է, որ հետիոտնը մահացել է և այնտեղից եկել ու ներկայացել է Ճանապարհային ոստիկանություն: ©shamshyan.com