Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Միքայել Անանիկյանը 2012 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում գտնվել է իր ծանոթ Արթուր Վարդանյանի բնակարանում՝ Նորքի 1-ին զանգվածի Նանսենի 13 հասցեում:

Ամիսներ առաջ Անանիկյանը Վարդանյանից փոխառությամբ 700 դոլար էր վերցրել:

Այդ պարտքը վերադարձնելու հարցի շուրջ էլ դեպքի օրը տանտերն ու հյուրը վիճաբանել են, և Անանիկյանը գաղտնի փականով դանակի բաց շեղբով մի քանի անգամ հարվածել է 37-ամյա Արթուր Վարդանյանի դեմքին:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, բնակարանի ննջասենյակում շարունակված քաշքշուկի ընթացքում Անանիկյանը, Վարդանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, տեղափոխել հյուրասենյակ, առաջարկել, որ բժիշկ կանչի, ու ինքը հեռանա: Սակայն նրա փախուստը կանխելու համար Արթուր Վարդանյանը բռնել է նրա աջ ոտքից ու վայր գցել:

Ըստ մեղադրանքի՝ Անանիկյանը սպանելու իր դիտավորությունը վերջնականապես իրականացնելու նպատակով նույն դանակով հարվածել է Վարդանյանի պարանոցին, նրան ապօրինաբար զրկել կյանքից ու դիմել փախուստի՝ բանալիով փակելով տուժողի բնակարանի դուռը:

Արթուրը հայր չուներ, մայրն էլ մահացել էր: Նա մարզիկ է եղել, ֆիզիկապես շատ ուժեղ տղամարդ ու միայնակ մարդ: Նրան «Մուսկուլ» են ասել:

Տուժողի իրավահաջորդը սպանված Արթուրի քեռին էր: Քեռու կինը ցույց տվեց հաղթանդամ ամուսնուն ու ասաց. «Քեռու պես պինդ տղա էր՝ մի քիչ քեռուց կարճահասակ: Սպորտսմեն է եղել: Ատամներով մեքենա, գնացք է քաշել: Նրա անունը Գինեսի ռեկորդների գրքում է եղել: Կարի մեքենան պայուսակի նման վերցնում ու տեղափոխում էր: Նրա շրջապատն էնքան էլ լավը չէր…»:

Ֆիզիկապես իրենից բավական ուժեղ տուժողի դիմադրությունը հաղթահարելու, նրան կյանքից զրկելու համար էր Անանիկյանն այդքան հարվածներ հասցրել…

Ամբաստանյալը դատաքննության ընթացքում հայտնել է, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում այն մասով, որ ինքը դիտավորությամբ է անձին զրկել կյանքից, բայց ընդունել է, որ Արթուր Վարդանյանը կյանքից զրկվել է իր գործողությունների հետևանքով:

Ամբաստանյալը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց, սակայն հարցերին մանրամասնորեն պատասխանելով հայտնել է, թե դեպքի օրը Արթուրի խնդրանքով մոտակա խանութից ածելի և օղի է գնել: Սափրել է Արթուրի գլուխը, հետո միասին խմել են օղին: Խմելուց հետո Արթուրը վատ է արտահայտվել իր հասցեին: Վիճաբանել են մոտ երկու ժամ:

Ամբաստանյալն ասել է, թե Արթուրից պարտքով գումար էր վերցրել դեպքից մոտ ութ ամիս առաջ: Դեպքի օրը իր հետ Արթուրի տուն էր տարել 180 հազար դրամ՝ որպես պարտքի մարում…

Անանիկյանը նկարագրել է սենյակից սենյակ իրենց գնալը, տուժողին հասցրած հարվածները՝ դրանք բացատրելով տուժողի հարձակողական պահվածքով:

Դանակի վերջին հարվածներից Արթուր Վարդանյանը, ըստ ամբաստանյալի, սկսել է ուժեղ արյունահոսել: Արյան մի մասը շփվել է իր դեմքին: Ինքը վախեցել է, ինչ-որ կտոր գցել Արթուրի դեմքին ու դիմել փախուստի՝ բանալիով փակելով բնակարանի դուռը:

Դրսում՝ մոտակա ցայտաղբյուրի մոտ լվացվել է, մաքրել արյան հետքերը ու վերադարձել իր բնակարան: Հետը տարել է այն 180 հազար դրամը, որ պետք է վերադարձներ Արթուրին, ինչպես նաև՝ հանցագործության գործիք դանակը և Արթուրի բնակարանի բանալին:

Դեպքին հաջորդող երկու կամ երեք օրերին այցելել է Արթուրի բնակարան, թակել դուռը, բայց պատասխան չի եղել, ինքը հեռացել է:

Փորձել է նաև հարևաններից իմանալ՝ Արթուրի մասին տեղեկություն ունե՞ն, թե՞ ոչ:

Դեպքից մոտ երեք օր հետո ծանոթից իմացել է, որ բնակարանում հայտնաբերել են Արթուրի դիակը՝ բազմաթիվ վնասվածքներով:

Ծանոթն ասել է նաև, որ Արթուրի երակներն էլ են կտրված եղել: Ինքն էլ մտածել է, որ իր հեռանալուց հետո Արթուրը ստացած վնասվածքների պատճառով ընկել է հոգեկան ծանր վիճակի մեջ, կտրել է իր երակներն ու, փաստորեն, ինքնասպան է եղել: Բայց հետո նորից մտածել է, որ Արթուրը, այնուամենայնիվ, մահացել է իր հարվածներից:

Որոշել է ոստիկանություն գնալ, ամեն բան խոստովանել: Օգոստոսի 24-ին զանգել է, ապա ինքնակամ ներկայացել: Իր հետ տարել է նաև արյունոտ դանակը, ինքը պատրաստ է եղել պատասխան տալու իր արարքի համար:

Անանիկյանը 2005-2007 թվականներին որպես ոստիկան աշխատել է ՀՀ ոստիկանության Քանաքեռի բաժնում:

Ըստ Անանիկյանի՝ Արթուր Վարդանյանը սթափ ժամանակ նորմալ, իրեն տիրապետող անձնավորություն էր: Ինքը մեծ ցավ է ապրել, որ իր գործողությունների հետևանքով նա մահացել է:

Երբ Արթուրի հետ խմել են դեպքից առաջ, նա պատմել է մոր գերեզմանի մասին, ասել է, թե փոխելու է գերեզմանաքարը: Հետո պատմել է հոր մասին, տխուր երաժշտություն է միացրել: Բայց հետո պարտքը վերադարձնելու մասին խոսակցությունը թեժացել է, վերածվել կռվի…

Սպանությանը հաջորդած երեք օրերին Միքայել Անանիկյանը թակել է Արթուրի բնակարանի դուռը, որ հենց ինքն էլ փակել էր, բանալին պահել իր զգեստապահարանում: Նա ականջ է դրել ներսում տիրող մեռելային լռությանը և զգացել է թանձր մահահոտը, որ աստիճանաբար տարածվում էր մուտքով մեկ:

Միքայելը պտտվել էր հանցագործության վայրում՝ ոչ այն է՝ ալիբի ստեղծելու համար, ոչ այն է՝ մեղքի զգացումը հաղթահարել չկարողանալով: Նրա ոտքերը նրան տարել էին այնտեղ, ուր մարդ էր սպանել, բայց նա հարևաններին հարցուփորձ էր արել, որ հետագայում, իր պատկերացրածով, իրեն չկասկածեն…

Արթուր Վարդանյանի բնակարանի փակ դուռը բացել են փրկարարները: Նրանց հարևաններն են կանչել, որովհետև շենքի մուտքում անտանելի հոտ էր տարածվել:

Ըստ հարևանի ցուցմունքի՝ Արթուրի բնակարանի պատը ամբողջությամբ արյան մեջ է եղել:

Բնակարան մտած փրկարարները տանտիրոջ դիակը հայտնաբերել են հյուրասենյակի մուտքի մոտ՝ բազկաթոռից ընկած դիրքում: Մաշկը ենթարկվել էր նեխային փոփոխությունների, դիակի վրա բազմաթիվ որդեր ու ճանճեր էին վխտացել…

Ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Անանիկյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 24-ից:
1in.am