Տեղեկությունը, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ չի տալիս քաղաքում սեքս-շոփ բացել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է անձամբ Տարոն Մարգարյանը:

Դիտարկմանը, թե արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե Դուք արգելել եք Երեւանում սեքս-շոփ բացելը, Երեւանի քաղաքապետը պատասխանել է. «Շրջանառվող տվյալ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ բացարձակ ապատեղեկատվություն է: Ավելին, Երեւանի քաղաքապետարանի կողմից նման հարցի քննարկում ՀՀ օրենսդրությամբ էլ նախատեսված չէ: Ուստի նման բացարձակ ստեր հորինողներին խորհուրդ կտամ առնվազն գոնե տեղեկանալ, թե որ կառույցն ինչ գործառույթներ կարող է իրականացնել, հետո նոր միայն փորձել զոռ տալ երեւակայությանը»:

Նշենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը դիմել է պատկան մարմիններին՝ Երեւանում սեքս-շոփ բացելու թույլտվություն ստանալու համար, սակայն այս առթիվ շատ կտրուկ է արտահայտվել Երեւանի քաղաքապետն` ասելով որ չի հանդուրժի նման բան մեր մայրաքաղաքում ու հրաժարվելով նույնիսկ ընդունել Անժելա Սարգսյանին: Նշվում էր նաեւ, թե դերասանուհին հակադարձել է  քաղաքապետի կոշտ արձագանքին` սպառնալով հանդիպել դատարանում ու ասելով, որ «մեր հասարակությունը հաստատ նման մասնագիտացված խանութի կարիք ունի»:


http://news.am/arm/news/175186.html